Հայաստանի հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն այսօր 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել մրցանակի համար:
«N7. Պատիվ է 7-րդ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, իմ ակումբներին, իմ երկրպագուներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին` ինձ հավատալու համար: Ես իմ ամբողջ կյանքը նվիրել եմ ֆուտբոլին և հասել էական հաջողությունների, սակայն զգում եմ, որ կարող եմ ավելին անել և ավելի մեծ պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի համար, երկիր, որը սիրում եմ և որը միշտ իմ մտքում է: Սիրով, Հենո/Միկի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: