Հաղորդում հանցագործության մասին։
ՀՀ Ոստիկանությանը
ՀՀ Գլխավոր դատախազությանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին
Իրավապաշտպան կազմակերպություններին
ԶԼՄ-ներին
Վերջին օրերին Սամվել Ալեքսանյանին պատկանող Փակ շուկայի տարածքում մի քանի անգամ Սամվել Ալեքսանյանի, իր մտերիմների կամ իր ազդեցության տակ գտնվող անձանց կողմից կատարվել են մի խումբ մարդկանց շահագործում, այսինքն՝ կատարվել են երկու կամ ավել անձանց շահագործում՝ իշխանությունը և վիճակի խոցելիությունը օգտագործելու, վստահությունը չարաշահելու միջոցով, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով։ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 2-րդ մասով հանցագործությունն ակնհայտ է, քանի որ շահագործման ենթարկված մարդիկ հիմնականում աշխատում են Ալեքսանյանի մոտ, խոցելի վիճակում են, թե ֆինանսապես, թե աշխատանքից ազատվելու սպառնալիքի տակ (իշխանության և խոցելի վիճակի օգտագործում) կամ ուղղակի խոստացել են աշխատանք կամ տվել են գումար կրկին օգտագործելով խոցելի վիճակը, կամ վախեցրել՝ օգտագործելով քրեական և իշխանական լծակներ։ Նկատենք, որ այս դեպքում չի կարելի ասել տուժողից բողոքներ չկան, քանի որ շահագործման տակ գտնվող անձը չի կարող բողոքել, քանի որ գտնվում է սպառնալիքի ներքո, և հենց դրա համար էլ ենթարկվում է շահագործման, այսինքն այդ մարդիկ ունեն օգնության կարիք և նրանց ազատագրել է պետք։ Այսպիսով բացի ՀՀ քրեական օրենսգրքի 264 հոդվածով հանցագործություն կատարելը՝ Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը, Սամվել Ալեքսանյանը նաև մարդու հիմնարար իրավունքների դեմ է հանցագործություն կատարում։ Սա նաև մարդկանց քաղաքական շահագործում է և շատ վտանգավոր նախադեպ է, այն չկանխելու դեպքում հետևանքներն անդառնալի կարող են լինել։ Այս հանցագործությունների կանխման, բացահայտման և պատասխանատվության ենթարկելու համար համապատասխան միջոցներ չձեռնարկելը առաջացնում է հանցավոր մասնակցություն կամ անգործություն, ինչն արդեն պետական հանցագործություն է ուղղված սահմանադրական կարգի և պետության դեմ, երբ անհատը իրեն վեր է դասում պետությունից և սահմանադրությունից։
Պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել նշված հանցագործություններ կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար, հակառակ դեպքում պատասխանատվությունը կրում են նաև իրավապահ մարմինները։
ՀՀ քրեական օրենսգրքից հղումներ՝
Հոդված 132․ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը
1. Մարդու թրաֆիքինգը` շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
4) կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,
5) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ,
6) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով`
պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է կազմակերպված խմբի կողմից,
2) անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հոդված 264. Պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելը կամ վնասելը
1. Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաև պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված արարքները, որոնք կատարվել են անզգուշությամբ և պատճառել են խոշոր վնաս՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների նկատմամբ կամ պատճառել են առանձնապես խոշոր վնաս՝ պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Ֆեյսբուք