Ամիսներ առաջ բնապահպան ակտիվիստները, ստորագրահավաք էին կազմակերպել Ամուլսարի դեմ, որից հետո հայտարարվեց, որ հանքի շահագործման դեմ հանրագրի տակ ստորագրել է 3000 ջերմուկցի:
Օրերս «Լիդիան Արմենիա» ընկերությունը մի հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում է, որ ստորագրությունները 3000-ից զգալիորեն պակաս են, ստորագրողների մի մասը Ջերմուկից կամ Գնդեվազից ու Կեչուտից չեն, այլ բոլորովին այլ համայնքների ու նույնիսկ մարզերի բնակիչ են, մի մասն էլ չգիտեն, թե ով է իրենց փոխարեն ստորագրել: Այս կապակցությամբ ակտիվիստների պատասխան հայտարարության մեջ կարծես հարցականի տակ չի դրվում Լիդիանի բերած տվյալները, սակայն հարց է բարձրացվում, թե որտեղից է Լիդիանը ձեռք բերել այդ ստորագրությունները: Իհարկե, այստեղ նաև հարց է առաջանում, մի՞թե հրապարակային հանրագիրը գաղտնի է: Եթե կա հայտարարություն, որ հանրագրի տակ ստորագրել է 3000 ջերմուկցի, ապա հանրությունը կարող է ակնկալել դրա վերաբերյալ ապացույցներ: Հանրագրի հեղինակները պնդում են, որ ստորագրածներից ոմանք չեն ցանկացել, որ իրենց անունը հրապարակվի: Մյուս կողմից, սա պատային իրավիճակ է ստեղծում, քանի որ հանրությունը չի կարող ստուգել՝ արդյո՞ք ստորագրություններն իրական են, և համայնքի անունից հայտարարությունը իսկապե՞ս արտացոլում է համայնքի կարծիքը:
Այս կապակցությամբ Asekose.am-ը զրուցել է համայնքների մի քանի բնակչի հետ:

Նարինե Առաքելյան, ք. Ջերմուկ
«Նախ ասեմ, որ ես, ինչպես նաև իմ ընտանիքի անդամները չենք մասնակցել ստորագրահավաքին: Ավելացնեմ նաև, որ ինձ նույնիսկ չեն դիմել այդ հարցով, որովհետև բոլորը գիտեն, որ ես դեմ չեմ հանքի աշխատանքներին: Այն ժամանակ, երբ վերջնական կապացուցվի, որ հանքի աշխատանքներն իսկապես կարող են վնաս հասցնել, այդ ժամանակ ես էլ կհամաձայնվեմ, որպեսզի Ամուլսարի հանքը փակվի: Ես միշտ դիմել եմ մարդկանց՝ ասելով, թե նրանք ինչից են տեղյակ, որ դեմ են դուրս եկել կամ գալիս հանքի աշխատանքներին: Կան մասնագետներ, ովքեր հստակ կապացուցեն դրանց վնասակար լինելը կամ հակառակը: Դեռ ոչինչ պարզ չէ, և կոնկրետ ինձ համար բնակիչների այս պայքարն արդեն հիմարության է նմանվում: Ինքս իմ շրջապատում գիտեմ մարդկանց, ովքեր նույնպես չեն ստորագրել: Նշվում է, որ 3000 հոգի է մասնակցել է ստորագրահավաքին, ախր այդքան մարդ Ջերմուկում չի բնակվում: Օրինակ, այս տարի Ջերմուկում շատ հիվանդություններ եղան, ինքս մտածում եմ, որ լավ է, որ հանքը չէր աշխատում, հակառակ դեպքում, այդ հիվանդությունները կկապեին հանքի աշխատանքների հետ: Զարմանում եմ մարդկանց մտածելակերպի վրա, չէ որ ամեն ինչին պետք է խելացի մոտենալ, չգլոբալացնել, վերացական չխոսել: Ես ինքս ոչ մի կապ չունեմ հանքի հետ, չեմ աշխատել այնտեղ, բայց կային մարդիկ, ովքեր աշխատում էին և գումար վաստակում: Այն ընթացքում, երբ տարվում էին հանքի աշխատանքները, Ջերմուկում մարդկանց վիճակը համեմատաբար լավ էր, նույնիսկ ծանոթներիցս մեկը, ում տունը գրավի տակ էր, կարողացավ լուծել այդ հարցը: Իսկ ներկայումս պատկերն այն է, որ մարդիկ անգործ են մնացել: Կարծում եմ, որ եթե հանքն իրենով վնաս չի հասցնում բնակիչներին, ուրեմն պետք է աշխատի»:
Աշոտ Հարությունյան, ք. Ջերմուկ
«Ամուլսարի խնդիրը կոնկրետ բիզնես շահ է: Ակտիվիստներն իբրև թե բնապահպաններ են, բայց կոնկրետ բնապահպանությունից նրանք ոչինչ չեն հասկանում: Ես չեմ հասկանում, ով է նրանց ֆինանսավորում ընդհանրապես: Նրանք պետությունը քանդող մարդիկ են, ովքեր գցում են քաղաք Ջերմուկի վարկանիշը: Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ասեմ, որ ես չեմ մասնակցել դրան, ավելին, ինձ նույնիսկ չեն դիմել այդ հարցով: Դա կեղծիք է, քաղաք Ջերմուկում որտեղի՞ց 3000 հոգի, ովքեր որ ստորագրել են հանքի աշխատաքները դադարեցնելու մասին հանրագրի տակ: Ես մեկ անգամ չէ, որ մասնակցել եմ Ջերմուկում անցկացվող ընտրություններին, հանձնաժողովի անդամ եմ եղել, նման թիվ գոյություն չունի: Նույնիսկ իմ շրջապատի մարդկանց եմ հարցրել, թե արդյո՞ք իրենց դիմել են ստորագրահավաքի համար, բոլորը տվել են բացասական պատասխան: Ես՝ որպես Ջերմուկի բնակիչ, ինքս ոչ մի վնաս չեմ կրել հանքի աշխատանքներից: Մարդիկ անգրագետ են, չեն հասկանում, որ հանքը ոչ մի վնաս չի կարող հասցնել իրենց: Բոլոր նրանք, ովքեր որ բողոքում են, «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից մերժված մարդիկ են, քանի որ նրանք չեն համապատասխանել աշխատողի՝ «Լիդիան Արմենիա»-յի կողմից սահմանված չափանիշներին: Օրեր առաջ բնապահպանները ակցիա էին իրականացում, ինքս չգնացի այնտեղ, որպեսզի վեճ չլինի: Այնտեղ ոչ մի հասկացող մարդ չկա, ում հետ կարող ես զրույցի բռնվել»:
Օֆելյա Ջանոյան, գյուղ Գնդեվազ
«Իմ ընտանիքում կա 6 չափահաս անձ, որոնցից ոչ մեկը ոչ մի թուղթ չի ստորագրել: Մենք ինքներս ցանկություն չենք հայտնել: Իմ ստորագրությունը էականորեն ոչ մի ազդեցություն չի ունենա այս գործընթացում: Գիտեք ինչ, Ամուլսարի բացվել կամ փակվելը ոչ իմ խոսքով կլինի, ոչ էլ՝ մյուսի: Կարծում եմ, որ այս հարցը պետք է լուծի կառավարությունը, ուրիշ ոչ ոք: Մեր գյուղում մարդիկ բաժանված են երկու բանակի՝ մի մասը դեմ է Ամուլսարի շահագործմանը, մյուս մասը՝ կողմ: Արդեն 10 տարի է, ինչ ընթանում է հանքի շինարարությունը, ուզում եմ հարցնել՝ ո՞ւր էին այս տարիների ընթացքում բոլոր դեմ քվեարկող մարդիկ: Երբ որ սկսվեց հանքի գործընթացը, ինչո՞ւ հենց սկզբից այդ մարդիկ դուրս չեկան և չբողոքեցին: Հանքի աշխատանքները դադարեցնելու արդյունքում, այսօր շատերը բռնել են արտագաղթի ճանապարհը, քանի որ մնացել են անգործ: Չէ որ այս փաստն էլ պետք է հաշվի առնել: «Լիդիան Արմենիա» ընկերությունն աշխատում էր օրենքի սահմաններում, աշխատատեղեր էր ստեղծում, իսկ հիմա այդ ամենը չկա: Ես անձամբ մի քանի անգամ առիթ եմ ունեցել հանդիպելու տարբեր երկրներից Հայաստան ժամանած միջազգային ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր ևս նշել են, որ Ամուլսարի հանքի աշխատանքները բոլորովին անվնաս են: Եվ այս պարագայում ինքս ավելի շատ վստահում եմ մասնագետներին, քան պատահական մարդկանց»:
Հեղինակ՝ Ս.Խաչատրյան


