ԱԺ-ում արտահերթ նստաշրջանի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց 2014 թվականի բյուջեի մասին: Նա փաստեց, որ տասնյակ առաջարկներ դարձան քննարկման առարկա, 27 տոկոսն է համարվում մերժված, ուստի ներկայացրեց մշակված նախագիծը:
Վարչապետի խոսքով` անդամակցելով ՄՄ-ին, առավելություն ենք ձեռք բերելու թեթև արդյունաբերության ոլորտում. կոշկագործություն, տեքստիլ արդյունաբերություն:
«Մի քանի օրից ՀՀ-ում ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգ: Նախապատրաստվել ենք 10 տարի: Կենսաթոշակային բարեփոխումներն աշխարհում ամենաբարդն են համարվում: Այսօր ունենք 510.000 թոշակառու, 2014 թվականին պետական բյուջեով նախատեսվում է միջին թոշակը 15 տոկոսով ավելացնել` 31.000 դրամը դարձնելով 36.000: Հասկանում ենք, որ սա բավարար չէ արժանապատիվ ապրելու համար: Մենք ունենք ծերացող հասարակություն: Այսուհետ ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացի»,-եզրափակիչ ելույթում ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով.
«275.000 քաղաքացի ամեն ամիս վերահսկելու է ՀՀ կառավարությանը, տոկոսադրույքները, իսկ առաջին վճարումները կատարվելու են մինչև փետրվարի 20-ը»:
ՀՅԴ պատգամավոր Արվիկ Մինասյանին զարմացրել էր վարչապետի նման հայտարարությունը.
«Մենք փորձ արեցինք քննարկումներ կատարել, լսել տեսակետեր, մերժեցիք: Հիմա հայտարարում եք բաներ, որոնք իրականության հետ քիչ առնություն ունեն: Կհանդիպենք Սահմանադրական դատարանում: Ես վստահ եմ, որ այս փոփոխությունները կկասեցվեն ԱԺ-ի կողմից, սրանք բերում են արտագաղթի նոր ալիքի»: