Դեռևս երկուշաբթի օրը Երևանի քաղաքապետարանի առջև նստացույց անող ակտիվիստները դիմել էին Պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ մասնավորապես նշել էին կիզիչ արևից պաշտպանվելու հնարավորության բացակայության մասին: Ժամեր անց Օմբուդսմենը պաշտոնական գրություն էր ուղարկել Ոստիկանապետին: Պաշտպանը վստահ է, որ «կիզիչ արևին մեկ հովանոցի տեղադրումը թե´ իրավական է, թե´ մարդասիրական»:
Կից ներկայացնում ենք Օմբուդսմենի գրությունը Ոստիկանապետին ամբողջությամբ:
«Հարգելի պարոն Գասպարյան,
Երևանի քաղաքապետարանի առջև նստացույցի միջոցով իրենց բողոքն արտահայտող մի խումբ քաղաքացիներ հրապարակայնորեն դիմել են մեզ և հայտնել, որ կիզիչ արևից պաշտպանության միջոցներ չթույլատրելու, լուսավորության անջատումների եղանակներով պարբերաբար հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ են գործադրվում իրենց նկատմամբ: Նստացույցի ողջ ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր, և իմ ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ այս կապակցությամբ առանձին պնդումներ համապատասխանում են իրականությանը:
Այլ առիթներով արդեն հրապարակայնորեն և պաշտոնական գրություններով նշել և հիմնավորել ենք, որ խախաղ հավաքների անցկացման ընթացքում մեկ վրանի կամ մեկ հովանոցի տեղադրումը չի կարող դիտվել որպես ոչ իրավաչափ գործողություն, եթե դա անհրաեշտ է խաղաղ ցուցարարների կյանքի և առողջության պաշտպանության համար, և եթե այդ պաշտպանիչ կառույցները որևէ կերպ չեն խոչընդոտում երթևեկությանը, անցորդների տեղաշարժմանը և պետական և այլ մարմինների անխափան գործունեությանը:
Խորապես մտահոգված լինելով խաղաղ հավաքի մասնակիցների առողջությամբ և անվտանգությամբ՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը համապատասխան պաշտոնյաներին՝ նստացույցի մասնակիցների անվտանգությունն ու առողջությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես առաջարկում եմ չխոչընդոտել մեկ վրանի կամ մեկ հովանոցի իրավաչափ տեղադրմանը ծայրահեղ անհրաժեշտության դեպքերում, ինչպես նաև գիշերային ժամերին լուսավորության բացակայության դեպքում ուժեղացնել նստացույցի մասնակիցների անվտանգության ապահովման միջոցառումները:
Հարգանքով` Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ»