Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վերադարձել է Մանչեսթեր՝ բուժման համար: Նա շնորհակալություն է հայտնել աջակցության համար և հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին:
«Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ ձեր աջակցության համար: Ես շատ եմ գնահատում ձեր անհանգստությունը ինձ համար:
Հիմա ես վերադարձել եմ Մանչեսթեր բուժումս շարունակելու համար, հուսով եմ շուտով կապաքինվեմ: Ցանկանում եմ հավաքականի իմ թիմակիցներին որակավորման փուլի հաջող մեկնարկ՝ վաղը կայանալիք Դանիայի հետ խաղում:
Որպես ազգային հավաքականի ավագ ակնկալում եմ տեսնել թիմային ոգի ու վճռականություն: Կլինեմ թիմի հետ ամբողջ հոգով ու սրտով»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ, օգոստոսի 31-ին կայացած Չեխիա –Հայաստան հանդիպման ժամանակ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որի հետեւանքով չէր կարողացել շարունակել հանդիպումը։