«Կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն անընդունելի է»․ Զառա Հովհաննիսյան
Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես, իհարկե չեմ հասկանում, ու չեմ հասկանա Լիդյա Մանթաշյանին ևս 3 ամիսով կալանքի տակ պահելու դատարանի որոշումը, փաստացի կինը մինչև 2026թ. փետրվարի 25-ը պետք է մնա բանտում և ինչո՞ւ։
Բազմիցս գրել, բարձրաձայնել եմ կալանքի կիրառման հետ կապված համակարգային խնդրի մասին, որն առկա է Հայաստանում, և քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թիվը գերազանցում է դատապարտյալներին։ Դա համակարգային հարց է, բայց կոնկրետ կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելն ուղղակի անընդունելի է։
Նշեմ նաև, որ նույն գործով անցնող միակ կինն է, և կան այլ տղամարդիկ, որոնց խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով։
Ցավոք, քննիչի արգելանքի պարագայում նույնիսկ տեսակցություններն են սահմանափակվում, և կնոջ հետ հանդիպել հնարավոր չէ»։
***
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շատերն են հարց տալիս, թե ինչու Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխեցին։ Դա խորհրդային դատախազական մեթոդներից է (և ոչ միայն)․եթե դուք շատ եք ուզում, որ փոխվի, ապա չի փոխվելու, որ ցավեցնեն, մռմռացնեն, որ մենք տառապենք, երևում է, որ գլխավոր դատախազը լավ ուսումնասիրել է խորհրդային դատախազական համակարգը։ Դիսիդենտները պատմում էին, որ աքսոր ուղարկելիս հարցնում էին տաք երկիր եք ուզում, թե ցուրտ, և եթե ասում էին ցուրտ ուղարկում էին անապատային, շոգ երկրներ կամ հակառակը։ Թշնամական վերաբերմունք այլախոհների դեմ։ Մի բան էլ կա, տիկին դատախազը կարծում է, թե իր մեղադրանքը սրանից ամրանում է կամ ինքն է ամրանում որպես դատախազ։ Կամ գուցե Լիդիայի լուսավոր ու մաքուր դեմքն է ազդում դատախազի ու իր մեղադրանքի վրա։ Սա ամենահավանականն է, այս լուսավոր հայացքի տակ ինչ մեղադրանք կդիմանա։ Լիդիային մեր սերն ու աղոթքները փոխանցենք»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet