ՀԿԿ առաջին քարտուղար, նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող Տաճատ Սարգսյանը կարծում է, որ իրենք պետք է վերադառնան ու իշխանությունն իրենց ձեռքը վերցնեն: Ավելին՝ կներկայացնեն օրենքներ, որոնք կվերաբերեն անվճար բժշկությանն ու կրթությանը, հզոր արդյունաբերություն ստեղծելուն, մշակույթին ու գիտությանը:
Նա հիշում է՝ անցած 70 տարիներին Հայաստանը ոչ միայն ԽՍՀՄ, այլ եվրոպական երկրների շարքում առաջին տեղն է գրավել թե՛ գիտությամբ, թե՛ արդյունաբերությամբ, թե՛ մշակույթով:
«Խորհրդային Հայաստանը դարձել էր թանգարան՝ բաց երկնքի տակ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա ու հավելեց.
«Եթե ԱԺ-ում չկա կոմունիստական գաղափարախոսություն, եթե ընդունված օրենքները չեն բխում ժողովրդի շահերից, ապա այդ ԱԺ-ն երկու ոտքով կաղում է»:
Տաճատ Սարգսյանն անդրադարձավ «Ազատ դեմակրատներ» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե գիշերային ակումբները պետք է լիցենզավորվեն, պետք է որոշակի հարկ վճարեն, բժշկական ստուգում անցնեն:
ՀԿԿ առաջին քարտուղարը բացասական գնահատական տվեց այս գաղափարին, ավելին՝ հիշեց, որ իրենց ժամանակ մարմնավաճառներ չկային.
«Կային մարդիկ, որոնք եզակի էին ու ամբողջ ազգը գիտեր նրանց: Այն ժամանակ անբարո վարքագիծ ունեցողներին մատով էին ցույց տալիս, հավատացնում եմ ձեզ: Մեր պետության հիմքը ընտանիքն է ու կարևոր է կարգապահությունը, քանի որ այդպիսին կլինի նաև պետությունը: Այսօր մասսայաբար Թուրքիա են մեկնում հայ կանայք, իսկ տղամարդիկ գլուխները բարձր քայլում են, մի բան էլ ասում են, թե կինս գումար էր ուղարկել այս ամիս: Ամաչում ենք, որ նման մարդիկ կան մեր երկրում»,-նշեց Տաճատ Սարգսյանը՝ հավելելով.
«Պետք է ներքին ու արտաքին այնպիսի քաղաքականություն վարենք, որ կամաց-կամաց դրանց քոքը կտրվի»:
Նա ասաց, որ կպայքարեն նաև աղանդավորության դեմ:
Անի Կարապետյան