ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու ապօրինի զենք կրելու եւ ուրիշի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքները:

2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Ոստիկանության Մարտունու բաժնի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքի տարածքում՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին, նկատելով վնասված մեքենա, կանգնեցրել են այն, որից հետո մեքենայի վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչը՝ ծնված 1985 թվականին, դուրս է եկել ավտոմեքենայից եւ իր հետ վերցնելով «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը՝ նետել այն անտառում ու դիմել փախուստի, իսկ մեքենայի մյուս ուղեւորը, ով նույնպես Գեղարքունիքի մարզի բնակիչ է, բերման է ենթարկվել ոստիկանոթյան բաժին:
Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է «ՎՈԼՏԵՐ» տեսակի ատրճանակը եւ 3 փամփուշտ, ինչպես նաեւ՝ վնասված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, որի հետեւի նստատեղին հայտնաբերվել եւ առգրավվել է փայտե մահակ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային եւ գենետիկական փորձաքննություններ:
Դեպքից շուրջ երկու ժամ անց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ «ձախ ազդրի եւ սրունքի հրազենային վնասվածք, ձախ ազդրոսկրի միջային կոճի հրազենային կոտրվածք եւ աջ ազդրի միջին երրորդականի տարանցիկ հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել երկու քաղաքացի: Պարզվել է, որ հրազենային վիրավորում ստացած անձինք եղբայրներ են, Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ ծնված 1984 եւ 1988 թվականներին:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում վիճաբանության ժամանակ արձակված կրակոցների հետեւանքով: Եղբայրները ճանաչվել են տուժող:
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային վարչության քննիչների համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ եղբայրներին հրազենային վնասվածք պատճառած անձը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի՝ 1985 թվականին ծնված բնակիչը, ով դիմել էր փախուստի:
Քրեական գործերի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, 1985թ. ծնված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։


