«Երևանի Կոմիտասի 56 շենքի 23 բնակիչներ գրություն են պատրաստել ուղղված ՀՀ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բնակիչներն այդ գրության տակ դրված ստորագրություններով հաստատում են, որ իրենց հարևանուհին բռնի կերպով հոգեբուժարան տեղափոխված Ամալյա Նազարեթյանը, հոգեկան խնդիրներ չի ունեցել և խնդրում են նրան դուրս բերել հոգեբուժական կլինիկայից: Թերթի նախորդ համարում անդրադարձել կար միայնակ ապրող տարեց կնոջ խնդրին և նշվում էչ, որ կինը ոստիկանության միջամտությամբ հոգեբուժարան է տեղափոխվել այն բանից հետո, երբ կոնֆլիկտ ու լարված հարաբերություններ է ունեցել իր բնակարանի տակ գտնվող «Իդեալ» խանութի հետ: Գրվել էր նաև, որ Ամալյա Նազարեթյանին հոգեբուժարան տեղափոխելու համար հիմք է հանդիսացել մեկ դիմում: Երեկ արդեն ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ փոխանցեցին, որ դիմում-բողոքը ստացել են «Կոմիտաս» սրճարանի աշխատակիցներից: Դրա տակ ստորագրել են 4 հոգի: Ամալյա Նազարեթյանի հարևանները մեկ անգամ ևս պնդելով, որ նրա վարքում արտառոց ոչինչ չեն նկատել, մանավանդ շրջապատի համար վտանգ նրանից երբևէ չեն զգացել, հաստատել են, որ կինը խնդիրներ է ունեցել նաև նշված սրճարանի հետ: «Իդեալ»-ի վարձակալությամբ զբաղեցրած տարածքը պատկանում է նշված սրճարանի տիրոջ եղբորը Աժ պատգամավոր Արմեն Մխիթարյանին: Այդուհանդերձ, ակնհայտ է, որ տարեց կինը որևէ մեկի համար լուրջ վտանգ չի ներկայացրել, թեև ինչ-ինչ զորեղ ուժերի թեթև ձեռքով հայտնվել է հոգեբուժարանում: Մինչ այս նա հաշվառված չի եղել որպես հոգեկան հիվանդ: Հարևաններից մեկն, ի դեպ, նկատեց, որ կնոջ հետ պատահածի պատճառներն ավելի շատ պետք է փնտրել նրա քաղաքացիական դիրքորոշման մեջ: «Ինքը իր ու իր շրջապատի իրավունքների պաշտպանն էր` տեղական նշանակության»»,- այսօրվա համարում մասնավորապես գրել է «Հայկական ժամանակը»:
Ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ թերթի այսօրվա համարում: