Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ֆինանսների նախարարություն և տեղում ծանոթացել պետական կառավարման այդ մարմնում իրականացվող աշխատանքներին ու նախարարության առջև դրված խնդիրների կատարման ընթացքին: Նա շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին: Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարն ու Ֆինանսական վերահսկողության տեսչության պետը զեկուցել են ընթացիկ տարում իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերին:
Նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է Ֆինանսների նախարարության հիմնական գործառույթները՝ առանձնացնելով մի քանի ոլորտ, որտեղ ընթացիկ տարում կատարվել են էական փոփոխություններ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին, պետական պարտքի կառավարմանն ու եվրապարտատոմսերի թողարկմանը, գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնմանը, հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարությանը, ծրագրային բյուջետավորմանը և նախարարության այլ գործառույթների շրջանակներում իրականացված աշխատանքներին:
Զեկույցների վերաբերյալ Սերժ Սարգսյանը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, անդրադարձել առկա խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Սերժ Սարգսյանը խոսել է նաև Ֆինանսների նախարարության համակարգման ոլորտում իրականացվող բարեփոխումների և առաջին հերթին ծրագրային բյուջետավորման ներդրման գործընթացի մասին: Նախագահը դրական է գնահատել այս ուղղությամբ տարվող աշխատանքը և ընդգծել, որ ծրագրային բյուջետավորման բարեփոխումների ընթացքի համար տեսնում է դրա առանձին փուլերի և արդյունավետ ավարտի հստակ ժամանակացույցի ամրագրման, հետևաբար նաև՝ գործընթացի տեմպի ավելացման անհրաժեշտություն:
Սերժ Սարգսյանը խոսել է նաև բյուջեի արդյունավետ կատարման՝ հավաքագրվող միջոցների արդյունավետ տնօրինման անհրաժեշտության մասին:
«Մյուս հարցը, որ պիտի առանձնացնեմ, տարվա ընթացքում բյուջե-տային գործընթացներին առնչվող քննարկումներին, վերլուծություններին, անգամ բամբասանքներին ավելի հստակ ու ժամանակին արձագանքելն է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ կարևորելով, որ յուրաքանչյուր տարվա բյուջեի մասին ամբողջական և խորը հաշվետվությամբ Ազգային ժողովում հանդես գալուց, պարբերաբար տարբեր ձևաչափերով հանրությանը տեղեկատվություն ներկայացնելուց զատ, Ֆինանսների նախարարությունը հստակ ու ժամանակին պատասխանի նաև հրապարակավ առաջ քաշվող բոլոր հարցերին, անգամ եթե դրանք ակնհայտ անհիմն են. «Ապատեղեկատվությունը պիտի մատնանշվի, պարզաբանման կարիք ունեցող հարցերը` հիմնավոր բացատրություն ստանան»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Աշխատակիցներից մեկի հարցին, թե ի՞նչ արդյունքներ ունեցավ մեր երկրի համար նախօրեին ավարտված վիլնյուսյան գագաթնաժողովը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Նորմալ: Ես, անկեղծորեն ասած, ի տարբերություն, երևի, շատ-շատերի, չէի համարում, որ Վիլնյուսը վերջնակետ է, որին պետք է ձգտել հասնել, այնուհետև բերել ցույց տալ, ասել՝ սրանք են արդյունքները: Եվ պատահական չէ, որ Վիլնյուսում կատակով ասում էին՝ Վիլնյուսից հետո կյանքը շարունակվելու է: Իհարկե, կյանքը շարունակվում է: Վիլնյուսը մի հանգրվան էր, իմ կարծիքով, և՛ մեզ համար, և՛ Եվրամիության, և՛ Արևելյան գործընկերության: Իսկ Եվրամիության և Հայաստանի Հանրապետության ընդունած հայտարարությունը հենց մինչ այդ հանգրվանն անցած ճանապարհի գնահատականն էր, այսօրվա մեր տեսլականը՝ ապագայի հանդեպ: Իհարկե, դա նաև փաստաթուղթ է այն ծրագրի մասին, որը մենք իրականացնելու ենք մեր բարեփոխումների շարունակման ճանապարհին:
Մեր ընդունած որոշումներին, առանց բացառության, գրեթե բոլորն ըմբռնումով են մոտենում: Ե՛վ անհատական հանդիպումների ժամանակ, և՛ քննարկումների պահերին միշտ էլ մենք կարողանում ենք մեր դիրքորոշումը ներկայացնել, և այդ դիրքորոշումն ընդունվում է պահը գիտակցած մարդկանց տեսանկյունից: Խոսքը ոչ թե մեր մասին է, այլ այն մարդկանց, ովքեր կարծիք են հայտնում մեր որոշումների վերաբերյալ:
Շատ նորմալ եմ գնահատում: Հայտարարությունը, որ արվեց, կարծում եմ, դուք էլ եք տեղյակ, և գրեթե բոլորը տեղյակ են՝ շատ նորմալ է, հանգրվանային որոշում է, և մենք շարունակելու ենք բարեփոխումները մեր երկրում: Արևելյան գործընկերության հիմնական նպատակը, առանցքը բարեփոխումներն են կոնկրետ երկրում: Եվ այսօր այս դահլիճում հնչածը ևս մեկ ապացույց է, որ մեր երկրում բարեփոխումներ են իրականացվում՝ որոշ ոլորտներում ավելի արագ և ավելի արդյունավետ, որոշ ոլորտներում փոքր-ինչ դանդաղ և ոչ այնքան արդյունավետ, բայց ընդհանուր գործընթացը, կարծում եմ, նորմալ է: Մենք թափ պետք է հաղորդենք այս գործընթացին, և երեկվա հայտարարության մեջ հենց այդ մասին էինք խոսում»:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի մի շարք աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի. բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար՝ գործառնական վարչության պետական բյուջեի հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Այվազյանը, տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ Ժորա Ասատրյանը, պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Արման Պողոսյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:
ՀՀ նախագահի աշխատակազմ