«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի ՀԿ սեկտորի մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը, հանդիպել են ռուս խաղաղապահների հրամանատար Լենցովի հետ։ Հանդիպումն անցել է շատ թեժ մթնոլորտում, Լենցովն ասել է, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան Ռուսաստանն է, որքան Նիկոլ Փաշինյանը, եւ եթե վիճակագրությանը նայեն, ապա կտեսնեն, որ Լաչինի ճանապարհը փակվել է Փաշինյանի՝ «Արցախն Ադրբեջան է» հայտարարությունից հետո։
Ակտիվիստները հակադրվել են, թե Պուտինն է արցախցիներին երաշխավորել անվտանգ կյանք, եւ դա ամրագրված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, սակայն հրամանատարը չի ընդունել, որ իրավիճակի միակ մեղավորը ռուսական կողմն է: Նաեւ նշել է, որ իրենք հրաման կատարող են, որոշումները պետք է քաղաքական հարթակում ընդունվեն։ Հրամանատարի հետ հանդիպումից ակտիվիստները հեռացել են դժգոհ եւ, որոշ տեղեկություններով, բողոքի ակցիաներ են պլանավորում:
Հանդիպմանը նախորդած երկու օրերին եւս ակցիաներ են արել խաղաղապահների շտաբի առջեւ, սակայն առավելագույնը 30 մարդ է մասնակցել։ Հանդիպմանը մասնակցել են Արթուր Օսիպյանը, Դավիթ Վանյանը, ով Սամվել Բաբայանի մտերիմներից է: Նրանք աչքի են ընկնում հակառուսական հայացքներով եւ Արցախում ընկալվում են որպես այլ պետության «ագենտներ»:
Արցախցիները կարծում են, որ սրանք ՀՀ իշխանությունների հրահրմամբ են հակառուսական տրամադրություններ հրահրում։ Տեղեկացանք, որ ավելի ուշ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները նույնպես հանդիպել են Լենցովին, եւ նա գրեթե նույն բաներն է ասել նրանց»: