▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ հրամանատարը…

Բանակում տեղի ունեցող դեպքերից հետո շատ է խոսվում զորամասերում տիրող իրավիճակի, անձնակազմի կարգապահության, մարտունակության գործում հրամանատարների, նրանց դերի եւ նշանակության վերաբերյալ: Հնչում են կարծիքներ, հակասական մեկնաբանություններ, նույնիսկ ցանկություններ…
Ես նկատել եմ, որ մեր լրագրողներից, քաղաքացիներից շատերը զգայական մակարդակով լավ հրամանատար են համարում նրանց, ում «հյուրընկալվել են», ով հավանաբար կատարել է իրենց այս կամ այն խնդրանքը, հյուրասիրել հարցազրույցներից կամ զորամաս այցելելուց հետո:
Լավ հրամանատար…Լավ հրամանատարը դա իսկական տղամարդու տեսակ է, դա հեղինակություն է: Նա պետք է լինի օբյեկտիվ, անկաշառ, արդարամիտ, հոգատար: Նրա զորամասում չպետք է լինի արտականոնադրական հարաբերություններ, ընտրողական մոտեցում այս կամ այն զինվորի նկատմամբ, «լյուբիմչիկներ» եւ անհուսալի անտեսվածներ: Նրա զինվորները չպետք է քնեն տներում, ֆռֆռան փողոցներում, ներկայանան ծառայության երբ ուզեն, արձակուրդ գնան միայն նրանք ում հայրիկները վճարունակ են կամ պաշտոնյա…
Հրամանատարն իր անձնական օրինակով, իր կենցաղի, վարվելակերպի, հարաբերությունների համեստությամբ եւ բարոյական կերպարով օրինակ պետք է հանդիսանա զորամասի սպաների, ենթասպաների եւ զինվորների համար: Նա պետք է խիստ լինի, բայց միաժամանակ արդարամիտ, լինի հոգեբան, ծնող զինվորների համար: Նրան պետք է վստահեն, հարգեն, բայց մեւնույն ժամանակ ենթարկվեն անվերապահորեն, որպես կոչումով ավագի, որպես ղեկավարի, որպես ծնողի, որպես ավագ ընկերոջ: Լավ հրամանատարը նաեւ պետք է հաճախակի, պարբերաբար ճաշի զինվորների հետ, ճաշի առանց նախազգուշացման, ստուգի ճաշարանի, խոհանոցի մաքրությունը, մթերքների , ճաշատեսակների որակը:
Նա պետք է լինի դիրքերում, հաճախակի, հանկարծակի ստուգի ծառայությունը` առանց պատժելու նպատակի: Այլ օգնելու, սովորեցնելու, հսկելու, ուղղելու, զրուցելու, սխալները, թերությունները վերացնելու համար: Զինվորը անընդհատ պետք է իր «կողքին» զգա հրամանատարին, նրա կողմից իրեն օգնելու պատրաստակամությունը, զգա նրա շունչը…
Նման հրամանատարների զորամասում անհնար են կրակոցները, «ռազբորկաները», կռիվները, զինվորներին նսեմացնելու, նրանց արժանապատվությունը վիրավորելու դեպքերը:
Ունե՞նք նման հրամանատարներ...Գուցե…
Շատ կցանկանայի, որ լինեին: Շատ լինեին, շատ-շատ…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее