▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեռնային Ղարաբաղը հայերի հողն է. ադրբեջանցի կինոդրամատուրգ

Ադրբեջանում նոր աղմուկ է բարձրացել ճանաչված կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովի` «Լեռնային Ղարաբաղը հայկական հող է» հայտարարության պատճառով: Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գրքի առնչությամբ Ադրբեջանում իշխանության մակարդակով բարձացված աղմուկից հետո սա արդեն երկրորդ նման հայտարարությունն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական մամուլը ողողված է հայտնի կինոռեժիսորի` ռուսաստանյան «Ռոսբալտ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի քննադատություններով:

Հարցազրույցում ադրբեջանցի անվանի մտավորականը ԼՂ հետ կապված Ադրբեջանի պաշտոնական տեսակետից տարբերվող մտքեր է արտահայտել: Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղն ավելի շատ հայկական հող է համարում: «Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը մեր թշնամին չէ: Նրանք եւս ադրբեջանցիների նման տեղի ունեցածի զոհ են», - նշել է նա:

Իբրահիմբեկովը կարծում է, որ հակամարտության` ռազմական ճանապարհով լուծումը հանցագործություն է: «Պատերազմը երկու ժողովուրդների, մարդկության դեմ հանցագործություն է: 21-րդ դարում հակամարտության պատերազմի ճանապարհով լուծումն անթույլատրելի է: Մարդկանց միջեւ պետք է շփումներ ստեղծվեն: Ժողովրդական դիվանագիտությունն է կարեւոր: Հայերն ու ադրբեջանցիները ողբերգության զոհերն են: Երկու երկրների ժողովուրդները պանդուխտ են դարձել: Պետությունները մարդկանց չպետք է հրահրեն պատերազմի: Հավատում եմ, որ ադրբեջացիները կարող են հաշտությամբ ապրել հայերի հետ: Հայերի նկատմամբ ատելության սերմանումը լուրջ սխալ է: Մենք հանուն ապագայի պետք է մարդկային կապեր ստեղծենք, որպեսզի ժամանակ չկորցնենք: Ավելի կարեւոր է չայրել գրքերը եւ երկու ժողովուրդներին հավերժ թշնամի չտեսնել»,- ասել է նա` «Ռոսբալտ»-ի հետ զրույցում:

«Քարե երազներ» վեպի հրապարակումից երկու ամիս անց, Ադրբեջանի իշխանությունները Այլիսլիի դեմ զանգվածային ժողովրդական հիսթերիա են հրահրել: Իշխանամետ երիտասարդությունը Այլիսլիի տան առաջ այրել է վրան խաչ նկարված նրա լուսանկարները, եւ «թշնամի», «դավաճան» վանկարկել: Խորհրդարանի պատգամավորները պահանջել են այրել նրա բոլոր գրքերը, զրկել քաղաքացիությունից, բոլոր պետական պարգեւներից եւ արտաքսել Ադրբեջանից: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Աքրամ Այլիլիսլիին «Ժողովրդական գրող» կոչումից, նախագահական թոշակից եւ ամառանոցից զրկելու մասին: Աշխատանքից հեռացվել են նրա կինն ու որդին: «Ժամանակակից Մուսավաթ» իշխանամետ կուսակցության առաջնորդը կուսակցության երիտասարդական թեւի անդամներին 10 հազար մանաթի պարգեւի դիմաց հանձնարարել է կտրել Այլիսլիի ականջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее