▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիբանանահայություն - Արցախի Հանրապետություն համագործակցությունը և ադրբեջանական անհանգստությունը

Արցախի Հանրապետության փոխվարչապետի այցելությունը հավելյալ հանգամանք և տարողություն է ապահովում Լիբանանում Արցախի ազատամարտի 25-ամյակի առիթով կազմակերպված ձեռնարկների եզրափակիչ հավաքին:

Սումգայիթի զոհերի հիշատակի հարգումը, արցախյան ազատամարտին ընկած  նահատակների գերազանց նվիրման հավաքական արժևորումը, Արցախի ծանոթացումը երիտասարդությանը և ուսանողությանը, զուգահեռ` վերաբնակեցման աշխատանքների և ներդրումային դաշտի կայացման նկատելի մասնակցությունը այս գաղութի Արցախ - լիբանանահայ գաղութ կապի առավել սերտացման և մանավանդ հայրենաշեն ծրագրերի գործնական մասնակցության կարևոր փաստերն են: Այս բոլորը անշուշտ ներազգային առաջադրված մթնոլորտի ստեղծմանն առընթեր քաղաքական ուղղվածություն գծող նախաձեռնություններ են և իբրև այդպիսին հեռանկարային առումով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը նպաստող երևույթներ:

Լիբանանյան իրականությունը թե՛ քաղաքական և թե՛ կրոնական պայմանների առումով, տարբեր է: Ուրուգվայի, Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Եվրոպայի և Կանադայի կողմից անկախության ճանաչման ուղղությամբ երևացող նախադրյալների, ամենայն հավանականությամբ, որոշ ժամանակի համար պիտի չհանդիպենք այստեղ: Չմոռանանք, որ Լիբանանը թեժ պայմաններ ապրող միջին արևելյան երկիր է, որ թե՛ շրջանային և թե՛ տեղական առումներով սուր և անմիջական ձևով մարտահրավերների դեմ հանդիման կանգնած է:

Ավելի մասնակի. Լիբանանը իսլամական վեհաժողովներին մասնակցող երկիր է, որտեղ Բաքուն ներկայացնում է առավել հակահայ և Արցախի պատմությունը նենգափոխած բանաձևերի և որոշումների նախագծեր. քաղաքական իրատեսությունը հուշում է, որ նման բանաձևերի քվեարկությանը ձեռնպահ մնալը կամ քվեարկությանը չմասնակցելը ինքնին արդեն որոշ առավելություն է հայկական կողմի համար:

Արցախի ազատամարտին մասնակցությունը, խրամատների մեջ Հայաստանի և Արցախի զինվորների կողքին լիբանանահայ երիտասարդի ներկայությունը և նահատակությունը, երիտասարդական անընդմեջ և ավանդություն դարձած գործուղումները, դպրոցաշինության մասնակցությունը, վերաբնակեցման ծրագրերի առաջադրումն ու դրանց ժողովրդականացումը, և ներդրումային դաշտի համագաղութային ձևաչափով մասնակցությունը, բոլո՛րը ի վերջո ազատ ու անկախ Արցախի կայացմանը նպաստող անշրջանցելի ազդակներ են, որոնք անշուշտ արժանանում են Արցախի պետության բարձրաստիճան պաշտոնատարների ուշադրությանը:

Արցախի Հանրապետության նախագահը, վարչապետը, փոխվարչապետն ու բարձրաստիճան պաշտոնատարները` նախարարներ, վարչության պետեր, բոլորը տարբեր առիթներով շեշտել են այս երևույթների կարևորությունը պետականաշինության, բնակեցման և, առհասարակ, Արցախի զարգացման աշխատանքների մեջ:

Այս բոլորը անշուշտ աննկատ չեն անցնում Բաքվի իշխանությունների ուշադրությունից: Համատեղության կարգով Սիրիայում և Լիբանանում Ադրբեջանի դեսպանը մնայուն կայք է հաստատել Լիբանանում: Մինչ այժմ լիբանանահայ գաղութ-Արցախ համագործակցության ներկա աշխուժությունը, որ բնականաբար անհանգստացնում է Բաքվին և նրա ներկայացուցչին, անարձագանգ է մնացել: Պարզ է, որ այս պահին նա որդեգրել է լուռ հետևելու և չհակազդելու մարտավարություն: Իհարկե, սա չի նշանակում, որ թուրքականի կողքին մենք ադրբեջանական գործոնի հետ ևս զբաղվելու պատճառ չպիտի ունենանք: Լիբանանյան մամուլ սպրդող և «անջատողական հայերի» կամ «Խոջալուի» մասին նշումներ կատարող լիբանանցի լրագրողների փորձերը կրկնվելու հիմքեր և պատճառներ ունեն:

Հիմնախնդրի ապակրոնականացումը և ցեղային մաքրազտման միտումները բացահայտելը հայկական կողմի առջև ծառացող խնդիրներ են: Այս պայմաններում նման առաջադրանքների իրականացումը հեշտ չի թվում:

Շրջանում և երկրում ադրբեջանական շարժումներին հետևելու մեքենականության և բաժանմունքի ճշտումը հրամայական է՝ լիբանանահայություն - Արցախի Հանրապետություն բազմակողմանի համագործակցություններին առավել թափ տալուն զուգահեռ:

 

Շահան Գանտահարեան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее