azatutyun.am-ը գրում է, որ արևմտյան լրատվամիջոցներում աղմուկ է հանել մի տեսանյութ, որտեղ որպես Լոս Անջելեսի հայտնի «Հայկական ուժ» հանցախմբի անդամներ ներկայացած երկու գանգստերներ հայտարարում են, որ իրենք Սիրիայում են և կռվում են հօգուտ նախագահ Բաշար Ասադի:
Տեսանյութը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Վաշինգտոնում գործող «Մերձավոր Արևելքի մոնիթորինգ» կազմակերպության ջանքերով:
CNN-ը պարզել է, որ տեսանյութում երևացող երկու զինված տղամարդիկ սիրիահայեր են, ովքեր որոշ ժամանակ ապրել են ԱՄՆ-ում, այնուհետև արտաքսվել են Սիրիա:
Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են, որ հետաքննություն են անցկացնում տեսանյութի վերաբերյալ, որպեսզի պարզեն, թե արդյոք այն որոշակի վտանգներ չի՞ ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար:
Տեսանյությում երևացող տղամարդկանցից մեկը, Գլենդեյլի ոստիկանության բաժանմունքի տվյալներով, Ներսես Քիլիջյանն է, ում վերագրվում են անձնական տվյալների և պլաստիկ քարտերի գողացման հետ կապված հանցագործություններ, մյուսը՝ Սարո Մադարյանը:
Տեսանյությում նրանք խոսում են այն մասին, որ Սիրիայում պատերազմ է ընթանում և իրենք գտնվում են ռազմաճակատի գծի վրա: