▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ-ում առաջարկվում է կառավարման նախագահական մոդել

Լեռնային Ղարաբաղում մեկնարկած սահմանադրական փոփոխությունների գործընթացը մտավ նոր փուլ. այսօր ներկայացվեց փոփոխությունների հայեցակարգը: Փաստաթղթի համաձայն, Ղարաբաղում առաջարկվում է նախագահական ու խորհրդարանական կառավարման համակարգերի համակցություն:

Ինչպես գրված է հայեցակարգում, Արցախի համար նախընտրելի է կառավարման այնպիսի համակարգ, որը, հիմնված լինելով կառավարման նախագահական համակարգի հիմնական սկզբունքների վրա, այդուհանդերձ, կկարևորի նաև խորհրդարանական հակակշիռների գործուն դերակատարությունը:  Ըստ էության, առաջարկվում է նախագահական ուժեղ համակարգ՝ պառլամենտական համակարգի ատրիբուտներով:  

Միաժամանակ, կարելի է ասել, որ առաջարկված հայեցակարգը կիսանախագահական մոդելից նախագահականի անցում է ենթադրում, քանի որ Հանրապետության նախագահը լինելու է կառավարության ղեկավարը, իսկ վարչապետ չի լինելու: 

Փաստաթղթում նման ընտրությունը հիմնավորվում է այսպես, որ Հանրապետության նախագահը, ով ընտրվելու է ժողովրդի կողմից, հաշվետու է լինելու խորհրդարանական մեծամասնության առաջ, որը ձևավորելու է ինքը: Մեծամասնությունը, սակայն, իրավունք է ունենալու անվստահություն հայտնել նախագահին, այդ դեպքում՝ լուծարվելու է նաև խորհրդարանը: Նույնը տեղի կունենա հակառակ պարագայում: Եթե Հանրապետության նախագահը որոշի լուծարել խորհրդարանը, այդ ժամանակ էլ կլինեն նախագահական նոր ընտրություններ: 

Հայեցակարգում այս փոփոխությունը հիմնավորվում է այսպես. կառավարման նախագահական համակարգում  Հանրապետության նախագահը չունի պառլամենտն արձակելու լիազորություն և բոլոր այն դեպքերում, երբ Հանրապետության նախագահը և պառլամենտական մեծամասնությունը ներկայացնում  են հակադիր քաղաքական մեծամասնություններ,  պետական կառավարման համակարգը ոչ միայն անարդյունավետ է գործում, այլ նաև կարող է փակուղային իրավիճակներ առաջացնել, ուստի հաշվի առնելով դա՝ նման փակուղային իրավիճակներից դուրս գալու համար Հանրապետության նախագահին տրվում է խորհրդարանն արձակելու լիազորություն, ինչը բնորոշ է խորհրդարանական երկրներին: Սակայն, ի տարբերություն խորհրդարանական հանրապետությունների, եթե Հանրապետության նախագահը լուծարում է խորհրդարանը, ապա նաև Հանրապետության նախագահի նոր ընտրություն պետք է անցկացվի: 

«Նման համակարգի սկզբունքային առավելությունն այն է, որ գործադիր իշխանության ընտրության հարցը, ինչպես նախագահական համակարգում, լուծում է ժողովուրդը, այլ ոչ թե կուսակցությունները՝ ետկուլիսյան բանակցությունների ընթացքում, ինչը հաճախ տեղի է ունենում բազմաթիվ կուսակցություններ ունեցող պառլամենտական երկրներում: Մյուս կողմից լուծում է տրվում կառավարության և խորհրդարանի միջև հակամարտությունների խնդրին, ինչը նախագահական համակարգի թույլ կողմերից մեկն է: Քանի որ երկու կողմերն էլ ունեն միմյանց լիազորությունները դադարեցնելու իրավունք, բայց միայն սեփական լիազորությունները վայր դնելու գնով, ապա հակադիր մեծամասնությունների խնդիրը կարող է լուծվել անվստահության քվեի կամ խորհրդարանի լուծարման միջոցով»,- գրված է փաստաթղթում:

Քանի որ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել նախագահին, հայեցակարգում ասվում է, որ Հանրապետության նախագահը պետք է միշտ շահագրգռված լինի ունենալ ուժեղ դիրքեր իր կուսակցությունում կամ իրեն առաջադրած կուսակցությունում (ներում): Արդյունքում, մեծ է պառլամենտի ազդեցությունը գործադիր իշխանության ղեկավարի նկատմամբ, մինչդեռ նախագահական համակարգում գործադիր իշխանության ղեկավարը քաղաքական պատասխանատվություն չի կրում, իսկ կիսանախագահական համակարգում պառլամենտը կարող է անվստահություն հայտնել միայն կառավարությանը, բայց ոչ Հանրապետության նախագահին, որի ձեռքում կարող է կենտրոնացված լինել ինչպես ողջ գործադիր իշխանությունը, այնպես էլ դրա մի մասը: 

Ելնելով վերոնշյալ հիմնավորումներից՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարման համակարգի հետևյալ հիմնական դրույթները.

·         Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է: 

·         Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրու­թյուններով: Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը:

·         Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը /գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով/ ստանձնում է Ազգային ժողովի նախագահը:

·         Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու Ազգային ժողովը: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

·         Ազգային ժողովը, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ,  իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ:

·         Հանրապետության նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները:

·         Հանրապետության նախագահը նշանակում և ազատում է նախարարներին:

·         Հանրապետության նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

·         Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝  պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:

·         Նույն անձը չի կարող ավելի, քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ:   

·         Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее