Թատերագետ Նաիրա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարտի 31-ին Մադրիդում մահացել է իսպանացի գրող, լրագրող, «Pueblo» օրաթերթի խմբագիր Անտոնիո Գուրիարանը։ Այսօր ապրիլի 2-ն է ու ո'չ ՀՀ Կառավարությունը, ո՛չ ՀՀ Նախագահը, ո՛չ ԱԳՆ-ն, ո՛չ Իսպանիայում ՀՀ դեսպանությունը, ո՛չ էլ նույնիսկ Ցեղասպանության թանգարան ինստիտուտը ցավակցական մի տող չեն գրել։
Ապշել կարելի է, թե որքան ապերախտ ժողովուրդ ենք մենք։

1980 թվականին Մադրիդի հրապարակներից մեկում ռումբ պայթեց, որի հետևանքով ծանր վիրավորվեց «Pueblo» թերթի փոխտնօրեն Խոսե Անտոնիո Գուրիարանը: ԱՍԱԼԱ-ի անդամները ռումբերից մեկը տեղադրել էին հեռախոսախցիկում, որտեղ այդ պահին իսպանացի լրագրողն էր:
«Մի հրեշային պայթյուն ինձ օդ է բարձրացնում: Երևի իմ ոտքերի տակ է պայթել, ականջներիս մեջ լսվում է դրա հետզհետե հեռացող արձագանքը: Ֆիզիկական ձայն է, երբեք չէի լսել, դղրդացնում է գանգիս ոսկորները և պայթում ուղեղիս մեջ: Կարող էի միայն գլուխս բարձրացնել: Մարմինս կարծես ցեմենտից լիներ»,- այս մասին հետագայում գրել է Գուրիարանը:
Հիվանդանոցում, երբ նա պայքարում էր պահպանել իր երկու ոտքերը, սկսեց կարդալ պայթյունի շարժառիթին վերաբերող գրքեր և նյութեր, ուսումնասիրել հայոց պատմությունը։ Սարսափելի այդ պատահարից հետո իսպանացի լրագրողը դարձավ Հայոց ցեղասպանության պահանջատերերից մեկը։ 1982 թվականին նա հրատարակեց «La Bomba» գիրքը, որտեղ նա դատապարտելու փոխարեն փորձում էր հասկանալ ու պաշտպանել հայկական շարժառիթը։ Այս գրքից և Գուրիարանի կյանքից, գործունեությունից ոգեշնչված 2015 թ. Ռոբեր Գեդիկյանը նկարահանեց իր «Մի խենթ պատմություն» հրաշալի ֆիլմը։
Երեք օր առաջ մահացել է հայ ժողովրդի մեծ բարեկամներից մեկը... Հայաստանում նրան հիշել է միայն ԳԱԹ-ի տնօրեն, գրականագետ, գրող Կարո Վարդանյանը»։


