Այսօր կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը՝ 66 տարեկան հասակում: Ըստ տեղեկությունների՝ մահվան պատճառը քաղցկեղն է:
Լևոն Զաքարի Անանյանը ծնվել է 1946թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում։
1964 թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը, 1968 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատել է մի շարք պարբերականներում և միաժամանակ խմբագրել «Մանկավարժ» թերթը։ 1975 թ. աշխատանքի է անցել «Գարուն» գրական ամսագրի խմբագրությունում, 1990-ին ընտրվել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1992 թ. հիմնադրել է «Ապոլոն» հրատարակչությունը, որն առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին է ներկայացրել համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։
2001 թ. ընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ և պաշտոնավարում էր մինչ օրս: Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Լևոն Անանյանը «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարն է 2002 թվականից։
Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ։ 2008 թ. մայիսի 26-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ պատվավոր կոչումը։