Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` դժգոհելով, որ հայկական կողմը` Ղարաբաղում նոր բնակավայրեր ստեղծելով, օդանավակայանը վերակառուցելով, նոր մայրուղիներ կառուցելով, խախտում է ՄԱԿ-ի և Ժնևյան կոնվենցիայի մի շարք դրույթներ:
Հատկանշական է, որ Ադրբեջանը հղում է անում Ժնևյան կոնվենցիային, այն նույն կոնվենցիային, որի մի շարք դրույթներ Ադրբեջանի կողմից խախտվում են հատկապես հայ զինծառայողների` Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելուց հետո: Սա ոչ միայն երկակի չափանիշներով առաջնորդվելու պարզամիտ ձև է, այլև քայլ` խեղաթյուրելու իրականությունը:
Ճիշտ է` Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման գործընթացը դեռ ընթացքի մեջ է, սակայն դա դեռ չի նշանակում, որ արցախցին չի կարող իրացնել միջազգայնորեն իրեն տրված իրավունքները: Անկախ այն հանգամանքից, որ Արցախը դեռևս չճանաչված հանրապետություն է, այդուհանդերձ դա այնտեղ ապրող մարդկանց չի զրկում ապրելու համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հնարավորությունից և իրավունքից:
Է. Մամեդյարովը նաև նշել է, որ Հայաստանն իր քայլերով տապալում է հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու և տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու հեռանկարը:
Տիգրան Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք