Հայ ազգային, քաղաքական գործիչ, խորհրդային նշանավոր այլախոհ, 1968թ.-ից գաղտնի գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, այնուհետև` ղեկավար, Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ, Խորհրդային Միության ժողովրդավարական շարժումների հիմնադիր և ղեկավար, գրող, երգահան Պարույր Հայրիկյանը ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրուցել է 2014 թվականի հետ կապված իր ծրագրերի, գործած սխալների, ամանորյա սեղանի մասին:
Պարոն Հայրիկյան, ի՞նչ նպատակներ, ծրագրեր ունեք՝ կապված 2014 թվականի հետ:
-Կարևորագույն նպատակս կմնա նույնը՝ «Բացարձակ ժողովրդավարության» մոդելի ամրագրումը, այն է՝ Հայաստանը դարձնել իսկապես ժողովրդին պատկանող երկիր և դրան զուգահեռ ուղղել թույլ տված բոլոր սխալները, որոնք մինչև այսօր տեղի են ունեցել մեզնից անկախ:
Իսկ հնարավոր կլինի ՞ ուղղել այդ սխալները և որո՞նք են դրանք:
-Կյանքում անհնարին ոչինչ չկա: Հայաստանը դարձավ միջազգային իրավունքի ենթակա, բայց այդպես էլ իրեն չդրսևորեց որպես միջազգային իրավունքի կարիքն ունեցող պետություն: Ազգային արժեքային համակարգի հարցում նույնպես Հայաստանը թերացավ: Այսինքն, արտաքին քաղաքականության մեջ մեր պարտքը չկատարեցինք մեր նախնիների հանդեպ, ապրեցինք՝ արհամարհելով սերնդի առջև ծառացած հարցերը: Մեր պետությունը, ինչպես ես էի հուշում, ինչ-որ չափով խոսեց Ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին. այն է՝ ոչ թե ճանաչում, այլ հետևանքների վերացում: Բայց որևէ քայլ չարեց: Մենք հեռացած ենք մեր ազգային արմատներից և մեր կրթական համակարգում այդ առիթով ոչինչ չարվեց: Հայաստանը Սահմանադրություն ընդունեց, կարևորագույն չափորոշիչների մասին խոսեց, բայց, այդպես էլ չդարձավ կազմակերպված իշխանությունների երկիր, Հայաստանը չպատկանեց քաղաքացուն, հիմա էլ նախապատվությունը տվեցինք 3 դիկտատորների համագործակցությանը, որը պատմական մեծ խայտառակություն է:
Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենաուրախ կամ ամենատխուր Նոր տարին:
-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել, չեմ կարող ասել:
Ի՞նչ ուտեստներ պետք է անպայման լինեն Ձեր ամանորյա սեղանին:
-Մեր հայրերն ու մայրերը ժամանակին կարևորել են Սուրբ ծնունդը, իսկ այսօր՝ բոլշևիզմից հեռանալուց 25 տարի հետո, Նոր տարին Հայաստանում դեռևս ավելի մեծ տոն է համարվում, քան Սուրբ ծնունդը կամ Հարության տոնը: էլ չեմ խոսում այն մասին, որ մեր ազգային Հայկի ու Բելի կռիվը՝ մեր սկզբնավորման տոնը, ընդհանրապես չի նշվում:
Վերջին տարիներին հայկական ավանդույթի համաձայն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ը ես պահք եմ պահում: Այդպես է նախատեսված: Եվ իմ պոլսեցի նախնիները ունեին Նոր տարվա պահքին վերաբերող ուտեստներ. թոփիկ, անուշ ապուր..Ի դեպ, դա ինձ փրկում է ամանորյա հարկադիր ուտելիքներից:
Իսկ Դուք՝ ինքներդ, որևէ ուտեստ պատրասո՞ւմ եք Ամանորին:
-Չէ, կոնկրետ Ամանորին ոչինչ չեմ անում, եթե ի վիճակի եմ լինում՝ գնումներ եմ կատարում և այլն: Այդպես ստացվել է, պարզապես երեխաներս ինձ հերթ չեն տալիս:
Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
-Կուզեի, որ հայ մարդիկ՝ այդ թվում և ես, կարողանայինք Աստծով ապրել, լինեինք ճշմարտության կողմնակից, չապրեինք նյութականով: Կատարեինք աստվածային պատվիրանները, որոնց դեպքում զզվանքով կվերաբերեինք «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին ու կհասկանայինք, որ մանր ու մեծ խնդիրների պատճառով հայրենիքը լքել չի կարելի:
Անի Կարապետյան