▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանթաշյանցը Բաքուն չէր սիրում, բայց սիրում էր Բաքվի նավթը

«Նավթի արքա». այսպես էին անվանում նրան: 20-րդ դարասկզբի  ամենահարուստ մարդը բառի բուն իմաստով նստած էր նավթի տակառի վրա: Նրա հիմնած ընկերությունն էր արդյունահանում Բաքվի նավթի կեսից ավելին: Այդ տարիներին նրա ազգանունն էր թնդում տարածաշրջանում` Բաթում, Թիֆլիս, Բաքու, Թեհրան… բայց տարածաշրջանն այսպիսի մարդկանց համար շատ փոքր է: Դրա մասին՝ հետո:

Վստահ եմ՝ նախաբանը հուշեց, որ խոսքը՝ Ալեքսանդր Մանթաշյանցի (Մանթաշյան, Մանթաշով) մասին է:

Մանթաշյանցը ծնվել է 1842-ի հենց այս օրը՝ մարտի 3-ին: Հայրը եղել է մանուֆակտուրայի վաճառական։ Որքան էլ առևտրականությունը ժամանակի ամենահաջող ու եկամտաբեր գործունեության ոլորտներից էր, միևնույնն է, հայրը՝ Հովհաննեսը, մեծահարուստ չէր: Բայց քանի որ Թիֆլիսում հայերը աչքի էին ընկնում իրենց կրթությամբ, աշխատասիրությամբ ու ճկուն բիզնես մտածելակերպով, տեղի հայերը իսկապես համայնքի կորիզն էին: Դա է վկայում պատանի Ալեքսանդրի հիմնական կրթությունը. նա սովորել է Թիֆլիսի՝ Գալուստ Վարդապետ Փափազյանցի մասնավոր դպրոցում:

26 տարեկանում երիտասարդ Մանթաշյանցի ճակատագիրը փոխվում է: Այն, որ նա պետք է զբաղվեր առևտրով, կանխատեսելի էր, բայց դժվար էր պատկերացնել, որ շուտով նա դառնալու է տարածաշրջանի ամենահարուստ մարդը:

«Այս մարդը երջանիկ աստղի տակ է ծնվել»- Բաքվի նավթարդյունաբերողներ

Շուշեցի մեծահարուստ Աստվածատուր Առաքելյանը Հովհաննես հայր Մանթաշյանցին խորհուրդ է տալիս որդուն ուղարկել Եվրոպա և Պարսկաստան՝ Գերմանիայի և Պարսկաստանի հայ վաճառականների հետ առևտրական հարաբերություններ հաստատելու։ Շուտով հենց այդ նպատակով հայր և որդի Մանթաշյանցները շրջագայում են Եվրոպայում:

Ալեքսանդրը հասարակ մարդ չէր, բացի գործարար տաղանդ ունենալը, նա նաև վարժ տիրապետում էր հայերենին, ռուսերենին, վրացերենին, անգլերենին։

Շուտով Թեհրանում հիմնած առևտրական բիզնեսը հայրը տեղափոխում է Թիֆլիս: Նրա ենթադրությամբ՝ այդպես ավելի հարմար էր ու շահավետ: Սակայն շուտով մահանում է:

Թվում է՝ սա շատ է, բայց շատ փողի հոտ Մանթաշյանցը զգում էր Բաքվից:

Բաքուն հայերի ազդեցության գոտում էր: Նավթային բիզնեսը գրեթե ամբողջությամբ մերոնց ձեռքում էր՝ «Միրզոև և եղբայրներ», «Ղուկասով եղբայրներ», «Փիլիպոսյանց եղբայրներ», «Սյունիք», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ» և այլն: Հեղինակավոր հայ նավթարդյունահանողների կողքին շուտով հայտնում է «Մանթաշև և ընկերներ»-ը, որը կարճ ժամանակում դառնում է Բաքվի նավթի պաշարի կեսից ավելին տնօրինող ընկերությունը: Ի դեպ, Մանթաշյանցը Բաքուն չէր սիրում, բայց սիրում էր Բաքվի նավթը:

Այստեղ հարկ է նշել, որ Բաքվի նավթաարդյունաբերության հիմքը մեր հայրենակից Հովհաննես Միրզոյանն է դրել: Միրզոյան/Միրզոև ընտանիքին մեկ այլ առիթով կանդրադառնանք: Հիմա վերադառնանք Մանթաշյանցի նավթի տակառին:

«Նավթի արքային» պատկանող սև ոսկու առևտրատներն ու դրանց մասնաճյուղերը տարածվում են ամբողջ աշխարհում:

Աղբյուրը՝ Թայմս.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее