Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց վերացնել Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքերի վրա դրված կալանքը՝ ՊԵԿ–ի կողմից այն իրացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստին Պետեկամուտների կոմիտեից գրություն էր ուղարկվել դատավորին այն մասին, որ ՊԵԿ իրավաբանական վարչությունը խնդրում է այս գործով գույքի վրա դրված կալանքի մի մասը վերացնել՝ հնարավորություն տալով, որպեսզի ՊԵԿ-ը աճուրդի-վաճառքի եղանակով գույքի իրացում անի՝ 1 միլիարդ 18 միլիոն դրամի շարժական և անշարժ գույքը վաճառի և ուղղի պետբյուջե՝ որպես հարկային պարտավորության կատարում:

Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։


