«Շուրջ 4 արի տևած բանակցությունների արդյունքում երկու կողմերն էլ պնդում են, որ 99 տոկոսով ամեն ինչ համաձայնեցված է, մնում է ինչ-ինչ տեխնիկական խնդիրներ լուծել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ-ի` Մաքսային միությանը միանալու որոշման մասին` հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը` ընդգծելով.
«Հատկանշական է, որ ոչ թե ՌԴ նախագահն է եկել Հայաստան, համոզել, այլ Սերժ Սարգսյանն է գնացել Մոսկվա` նշելով, որ հաստատում է Հայաստանի որոշումը`միանալ Մաքսային միությանը: Մինչդեռ ժամեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է, որ Մաքսային միության քննարկումներն այնքան խորացած չեն, որ այսօր կարողանանք որոշում կայացնել»:
Սա, Էդգար Վարդանյանի խոսքով, նշանակում է, որ վերջին պահին են որոշում կայացրել, ասենք ինքնաթիռում կամ Մոսկվայում, կամ այն եղել է` բայց թաքցրել են, կամ` սահմանափակ թվով մարդիկ են իմացել այդ մասին:
«ՀՀ նախագահը հայտարարություն է արել` գիտակցելով, որ սա բացառում է խոր և համապարփակ առևտրային գոտի մտնելը»,-նշեց բանախոսը:
Խոսելով տարածված այն կարծիքի մասին, թե համատեղելի են Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրը` Էդգար Վարդանյանն ասաց.
«Մաքսային ոլորտում ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից զրկվելու ենք, ուստի, չենք կարող մտնել խոր և համապարփակ առևտրային գոտի, քանի որ մաքսային հարցերում որոշումը կայացնում է Մաքսային մարմինը: Այսինքն, դրանք անհամատեղելի են»:
Խոսելով հնարավոր ճնշման մասին` քաղաքական վերլուծաբանն ասաց, որ Հայաստանը կարող էր իր շահերը պաշտպանել, եթե իրոք գտներ, որ ԵՄ-ի հետ առկա հարաբերությունների մակարդակը չի կարող այդ աստիճանի իջեցնել:
Անի Կարապետյան