▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարզիչը ես եմ և ինքս լավ գիտեմ, թե ում հրավիրել». Սարգիս Հովսեփյան

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը.

 
 - Բեռնար Շալանդը հեռացվել է վատ արդյունքերի պատճառով. Ձեր հեռանկարն ինչպիսի՞ն է:
 
 - Յուրաքանչյուր մարզիչ իր ձեռագիրն ունի: Հնարավոր է՝ տղաները չհասկանան նրան, կամ հակառակը: Ես իմ մտքերն ունեմ: Շատ կարճ ժամանակ է մնացել, ընդամենը մեկ օրից կերևա, թե ես ինչ կարողացա տալ հավաքականին: Մարզիչը ես եմ և ինքս եմ որոշել` տվյալ պահին ով է անհրաժեշտ հավաքականին:
 
 - Զարմանալի է թվում Մինսկի «Դինամոյի»` մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանի՝ հավաքական չհրավիրվելը...
 
 - Դուք լրագրող եք և չեք կարող պատկերացնել իրավիճակը: Ինքս եմ տեսել նրա մարզումները և վերջին խաղը ու գտել եմ, որ պետք չէ նրան հրավիրել հավաքական: Մարզիչը ես եմ և ինքս լավ գիտեմ, թե ում հրավիրել: Եկեք հավատանք մարզչին:
 
 - Վաղվա խաղին առնչվող խնդիրները որո՞նք են:
 
 - Հասկանում ենք, որ աստղեր են ժամանել: Կփորձենք մեր խնդիրները լուծել. բոլորս էլ գիտենք, որ բարդ է լինելու: Հնարավոր է պայքարել, մնում է գտնել նրանց թույլ կողմերը, հակադրել մեր ուժեղ կողմերը և լավ խաղ ցուցադրել: Առաջին անգամը չէ, որ խաղում ենք Պորտուգալիայի դեմ, ամեն ինչ հնարավոր է:
 
Մենք ցանկանում ենք լավ, դիտարժան ֆուտբոլ խաղալ: Եթե դրական արդյունքի էլ չհասնենք, պետք է լավ խաղ ցուցադրենք:
 
 - Ինչպիսի՞ մարզավիճակում են Կառլեն Մկրտչյանն ու Լևոն Հայրապետյանը:
 
 - Կառլենը լավ մարզավիճակում է: Որոշ ժամանակ պրակտիկա չուներ և դա ազդել էր մարզավիճակի վրա, սակայն այժմ ամեն ինչ կարգին է: Նույնը կարող եմ ասել Լևոնի մասին:
 
 - Հայաստանի հավաքականը զիջելո՞ւ է գնդակի վերահսկումը Պորտուգալիային:
 
 - Կարևոր է վերահսկել իրավիճակը: Կարևորում եմ այն, որ մրցակցին թույլ չտանք պահեր ստեղծել ու իրացնել դրանք:
 
 - Առաջին խաղն է Ձեզ համար, իսկ հավաքականը բարդ իրավիճակում է. հեռանկարային առումով ի՞նչ եք դրել Ձեր առջև:
 
 - Դեռևս առաջին խաղն է, և ես ոչինչ ասել չեմ կարող: Յուրաքանչյուր խաղում մեզ հաղթանակ է անհրաժեշտ: Դա դրական կանդրադառնա ֆուտբոլիստների և ինձ վրա:
 
 - Ի՞նչ նպատակներ են դրվել Ձեր առջև:
 
 - Նպատակ կա գեղեցիկ խաղ ցուցադրել ու հաղթել: Որևէ մարզիչ առանց նպատակի չի նշանակվում:
 
 - Հավաքականի ֆուտբոլիստները ֆիզիկապես ինչքանո՞վ են պատրաստ:
 
 - Մեկնարկային կազմում հայտնված բոլոր ֆուտբոլիստներն ամբողջապես պատրաստ կլինեն: Ովքեր թերի են պատրաստ, իրենց չափով խաղաժամանակ կստանան:
 
 - Հայաստանի հավաքականը հարձակվողակա՞ն է գործելու:
 
 - Չեմ ցանկանում գաղտնիքներ բացել: Քիչ ժամանակ է մնացել և բոլորն էլ կտեսնեն, թե ինչպես ենք գործելու:
 
 - Ակումբային կարիերայում Ձեր վերջին հաջողությունները դրական ազդեցություն ունենալո՞ւ են Ձեր՝ որպես հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
 
 - Ինձ համար այս ամենը նոր է: Աշխատանքը ցույց կտա, ես կփորձեմ ապացուցել՝ կարող եմ օգնել ազգային թիմին, թե ոչ: Անիմաստ է առաջնության և ազգային թիմի խաղերը համեմատելը:
 
 - Յուրա Մովսիսյանի բացակայության վերաբերյալ ի՞նչ կասեք:
 
 - Չկա այնպիսի ֆուտբոլիստ, ով անփոխարինելի է: Հավատացնում եմ, որ Յուրայի փոխարինողն ավելի հաջող կգործի, քանի որ ապացուցելու ավելի շատ բան կունենա: Յուրաքանչյուրն էլ Յուրայի փոխարեն կձգտի շատ հաջող խաղալ:
ՀՖՖ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее