Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նաև 2003 թ. մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ:

Արդյունքում առավել նպատակային կդառնան շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովող նախնական և պարբերական բժշկական զննությունները, հստակեցվի հետազոտությունների մեթոդաբանությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային նոր մոտեցումներին: Այսպիսով, մասնավորապես, բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը, ինչպես նաև մատնահարդարները, դիմահարդարները և դաջվածքի մասնագետները կհետազոտվեն վիրուսային հեպատիտ Ց-ի նկատմամբ, հեպատիտ Բ-ի նկատմամբ պատվաստված բուժանձնակազմի հետագա բժշկական զննություն այլևս չի իրականացվի, կկարգավորվի հեպատիտ Բ-ով, Ց-ով հիվանդ բուժանձնակազմի հայտնաբերման ժամանակ հետագա աշխատանքի թույլատվության հետ կապված հարաբերություններ, լաբորատոր-գործիքային հետազոտությունները կիրականացվեն միջազգային նոր մոտեցումներին համապատասխան մեթոդաբանությամբ:


