Արմեն Մազմանյանը ցնցված է Ռուբեն Հախվերդյանի` օրերս «Ազատության» հրապարակում արած հայտարարությունից, ըստ նրա այդ հայտարարությունից հետո նույնիսկ կասկած է առաջանում, թե Հախվերդյանի երգերի հեղինակը հենց ինքը` Հախվերդյանն է. այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը` հավելելով, որ կերազեր Հախվերդյանին երբևէ ճանաչած չլինել, միայն նրա երգերը լսել:
Ըստ Մազմանյանի` Հախվերդյանի հայտարարությունը բոլոր առումներով հեռու է տրամաբանությունից ու անազնիվ է.
«Եթե նստած ամեն ինչից օգտվում ես, պահանջում ես քո ստատուսի հասանելիքը քեզ տան, դե արհամարհի, ասա հրաժարվում եմ ձեր տված ամեն ինչից էլ, շքանշաններից էլ: Իսկ Սերժ Սարգսյանը, պետք է նշել, որ արվեստագետներին, եթե կարողանում է` օգնում է»,- ասաց Մազմանյանը:
Արցախն ադրբեջանական գավառ անվանելն անձնական վիրավորանք է նաև հենց իր համար, քանի որ այդ հողակտորն իր ու իր ընկերների արյունով ազատագրված է:
Ասուլիսի ընթացքում Արմեն Մազմանյանն անդրադարձավ նաև վերջին օրերի դասադուլներին: Ըստ նրա` դասադուլի ներքին ցանկություն չկա, դա արհեստական, շինծու սարքված մի բան է. դասադուլ անողների շարքերում այն վատ սովորողներն են, որոնք վաղը գալու են ու հայտարարելու, թե «դասադուլի ենք, դրա համար չենք սովորել», իսկ իրականում պատկերն այլ է: Նա նաև հավելեց, որ ինստիտուտում ուժով ու սպառնալիքով ոչ մի ուսանողի դասադուլից հետ չեն պահել.«Միակ բանը, որ ասել եմ, ասել եմ, որ մերոնց համար դուռը բաց է, դրսից ոչ մի հյուր դասի ժամին չենք սպասում, ով գնալու է, հիմա գնա, մնացածը նստի դասին, գնացել է մեկ-երկու հոգի, երեքներով սովորող ուսանող, բայց մյուս օրը թերթում գրել է, թե սա ինստիտուտ չի, բոլորը հարբեցող են և այլն»: