ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է, որ նոյեմբերի 5-9-ը Հայաստանի բոլոր դպրոցներում հայտարարվում է Մեդիագրագիտության կրթական շաբաթ:
«Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, նախ լավ աշխատանքային և ուսումնական շաբաթ եմ մաղթում բոլորիդ: այս շաբաթ Հայաստանի դպրոցներում անցկացվում են մեդիագրագիտության դասընթացներ: Բոլորիդ կոչ եմ անում ակտիվորեն ներգրավվել այս գործընթացում, որովհետև հատկապես այս ժամանակահատվածում մեդիագրագիտությունը շատ կարևոր է` տարբերելու համար հավաստի աղբյուրները, գրագետ լուրերը, տարբերելու համար վերլուծական նյութը քարոզչական նյութից, բազմաթիվ հմտություններ, որոնք անհրաժեշտ են մեր օրերում»:

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի նշվում է Մեդիագրագիտության շաբաթը՝ կրթական տարբեր ծրագրերով ու միջոցառումներով։
Այս տարի հրավիրում ենք նաև ՀՀ բոլոր դպրոցներին՝ միանալու նախաձեռնությանը, և հինգ օրերի ընթացքում անցկացնել մեդիագրագիտության թեմաներով բաց դասեր, դիտումներ, քննարկումներ, կրթական խաղերի ժամեր։
Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։

Միանալով միջազգային շարժմանը՝ առաջարկում ենք դպրոցում նոյեմբերի 5-9-ը անցկացնել հետևյալ նախաձեռնությունները կամ դրանց մի մասը։ Դրանք նախատեսված են ավագ դպրոցի և միջին դպրոցի բարձր դասարանների համար։
1. Մեդիագրագիտության դաս․ ուսուցիչը (հասարակագիտություն, ինֆորմատիկա) կարող է ԿԳՆ կողմից երաշխավորված «Մեդիագրագիտություն» ձեռնարկի նյութերի ու թեմաների հիման վրա նախապատրաստել դաս։
2. Դիտում – քննարկում․Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ «Բունուս» կրթական նախաձեռնության հետ համատեղ պատրաստել է երեք վիդեո դաս։ Առաջարկում ենք դասարանում դիտել դրանցից որևէ մեկը և քննարկել նյութը աշակերտների հետ։
«Մեդիագրագիտություն․լուրը, լրագրությունն ու հասարակությունը»,
«Պահապան շները» լրագրության մեջ
«Ինչպես վերլուծել տեղեկությունները»
3. Խաղի ժամ․ առաջարկեք աշակերտներին սովորել խաղալով։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ստեղծած երեք կրթական խաղերը սովորեցնում են մեդիագրագիտության, տեղեկությունների ստուգման, թվային անվտանգության սկզբունքները։ Դրանք հասանելի են օնլայն։


