«Ազատ Դեմոկրատներ»-ի ցուցակով հանդես եկող Հրանտ Բագրատյանն ահազանգում է՝ երկու քաղաքական ուժ կաշառք է տալիս.
«Անգամ դեպք է եղել, որ մեկը փորձել էր 2-3 տեղից փող ստանալ, գումար տվողը նրան ազնվության կոչ էր արել: Մենք ժողովրդին ո՞ւր ենք տանում և ինչպե՞ս կարող է այս ժողովուրդը վաղը պաշտպանել հայրենիքը, ես դա չգիտեմ: Բայց ուզում եմ ասել, որ կաշառքները քթներից 2-3 ամիս հետո բերելու են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազատ Դեմոկրատներ»-ի վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ի տարբերություն մյուսների՝ իրենք ունեն ծրագրային մոտեցում.
«Մեր ծրագրում աշխատավարձի բարձրացում գրեթե չի լինի, քանի որ ավելի կարևոր ենք համարում թոշակների բարձրացումը, որովհետև մենք կոլապսի առջև ենք: Որպեսզի ես աշխատավարձ բարձրացնեմ, պետք է ցույց տամ, որ ՀՆԱ-ն կարողանում եմ աճեցնել, իսկ երբ բյուջեում փողն ավելանա, ասել է, թե տորթը լինի, կմնա ինչպես կիսելը: Մեր խնդիրն է՝ զսպել նաև Կենտրոնական բանկի վայրի ախորժակը, սոցիալական քաղաքականությունն այնպես վարել, որ քիչ տեղ մնա ստվերային տնտեսությանը: Այս քայլերով մենք տարեկան 6.5-7.5 տոկոս աճ ենք ստանում»,-նշեց Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ ցավալին այն է, որ ամենածավալունը ՀՀԿ-ի ծրագիրն է, որտեղ ոչ մի թիվ չկա.
«Չկա ոչ մի պատասխանատվություն, ծրագրի մեծ մասն էլ այսպիսին է՝ արդարադատություն պետք է լինի ու բավարարի քաղաքացու պահանջները, բայց ոչ ոք հակառակը չի էլ ասել: Կամ, թե ասում են՝ օրենքները պետք է կիրառվեն: Սա նույնիսկ ծրագրային կետ չէ: Նրանք մինչև հիմա չեն հասկանում, թե ի՞նչ է գյուղացիական տնտեսությունը, ինչ՝ ֆերմերայինը»,-նկատեց Հրանտ Բագրատյանը:
Անի Կարապետյան