Արդեն հինգերորդ օրն է` «Ազատության» հրապարակում հացադուլ է անում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Քիչ առաջ նրա աջակիցները փորձեցին վրան տեղադրել հրապարակի հարակից տարածքում, սակայն ոստիկանները թույլ չտվեցին` ասելով, որ այդ գործողությունը հակաօրինական է, ինչի արդյունքում ցուցարարների և ոստիկանների միջև վիճաբանություն սկսվեց: Վիճաբանությանը մասնակցում էին «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը և այլք: Քաշքշուկի ժամանակ հնչում էին տարբեր արտահայտություններ, իսկ ցուցարարներն էլ ոստիկաններին ասացին` «մենք էդքան կերած-խմած չենք, մի հրե՛ք»:
Հավելենք, որ «Ազատության» հրապարակում վրան տեղադրելու կողմնակիցները սկսեցին ի նշան բողոքի երգել ՀՀ պետական օրհներգը: Դրանից հետո իրավիճակն առավել սրվեց: «Ազատության» հրապարակ եկած Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը գրություն ներկայացրեց առ այն, որ ոստիկանության գործողությունները օրինաչափ չեն և հակասում են մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: