Սիրելի՛ հայրենակիցներ,
ավարտվում է հերթական տարին՝ 2013 թվականը: Յուրաքանչյուր տարի այս օրը ճանապարհելով հին տարին՝ մեզանից յուրաքանչյուրը մի պահ կանգ է առնում, վերհիշում ու գնահատում անցած տարին, ծրագրում հաջորդ տարվա անելիքը: Անցնող տարում եղել են թե’ հաջողություններ, թե’ ձախողումներ: Ունեցել ենք և’ ձեռքբերումներ, և’ կորուստներ: Ես գիտակցում եմ, որ դեռևս ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, և նոր տարին լինելու է առաջին հերթին այդ խնդիրների լուծման տարի:
Ես վստահ եմ, որ մենք ի զորու ենք լուծել մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած հիմնական խնդիրները: Ես ուզում եմ, որ այս վստահությունը գալիք տարի մտնի ամեն տուն, ամեն ընտանիք: Մենք մեր երկիրը շենացնելու ենք, թող ոչ ոք կասկած չունենա:
Ես ուզում եմ հայցել այն մարդկանց ներողամտությունը, ովքեր այս տարի ունեցել են օգնության ու աջակցության կարիք, բայց որոնց ես չեմ հասցրել իմ օգնության ձեռքը մեկնել: Միևնույն ժամանակ ես ուզում եմ հավաստիացնել, որ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցության ծավալներն այս տարի է’լ ավելի են մեծանալու: Եվ դա արվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի կարողանում հոգալ իր քաղաքացիների հիմնական հոգսերը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
բոլորիս համար ամանորյա տոները հույսի ու բարության, ջերմության ու փոխադարձ հանդուրժողականության խորհուրդ ունեն: Եվ ես հավատում եմ, որ այս նոր տարին մենք սկսելու ենք' այն առավել լուսավոր դարձնելու վճռականությամբ: Ես հատուկ դիմում եմ նրանց, ովքեր մտածում են այս տարի Հայաստանից հեռանալու մասին: Սեփական երկրից լավ տեղ աշխարհում չկա: Կան խնդիրներ, կան հոգսեր. եկե՛ք ձեռք ձեռքի տանք ու լուծենք դրանք մեր երկրում: Ես հավատում եմ, որ այս նոր տարում մեր երկրում շատ բան փոխվելու է ու փոխվելու է դեպի լավը: Ու այդ փոփոխությունները մենք միասին ենք անելու:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ, որ Նոր տարում մեր բոլորի օջախներում տիրի խաղաղություն և համերաշխություն, մեր քաղաքացին սկսի ապրել արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով: Ես իմ գլուխն եմ խոնարհում այս պահին սահմանին կանգնած մեր հպարտ զինվորների ու սպաների առաջ:
Աստված պահապան մեզ բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Գագիկ Ծառուկյան