Քիչ առաջ քաղաքացիական ակտիվիստ Ալվիրա Բերբերյանը Lurer.com-ի հետ հեռախոսազրույցում ահազանգել է, որ այսօր «Կայզեր» սուպերմարկետների ցանցի բոլոր աշխատակիցներին, այդ թվում` նաև իր մորաքրոջը, տնօրինությունը պահանջել է ներկայանալ, ապա` հրահանգել մասնակցել «Փակ շուկա»-ի մոտ ակտիվիստների դեմ անցկացվող «հակընդդեմ» ակցիաներին‘ ներկայանալով որպես «Փակ շուկա»-ն «Երևան սիթի» սուպերմարկետի վերածելու կողմնակից:
Մարդու իրավունքների նմանատիպ խախտումն աֆրիկյան բազմաթիվ հետամնաց ցեղապետեր վաղուց սկսել են մերժել:
«Նախախորհրդարան»-ի անդամ Վարդան Հակոբյանն էլ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ հավաքված են 1000-ից ավելի մարդիկ` «Պահանջում ենք աշխատատեղ» կարգախոսով` բերված Մալաթիայի դպրոցներից, թաղապետարանից, «Երևան սիթի»-ից:
«20 տարի է, մարդիկ աշխատատեղի կարիք ունեն, հիմա կարո՞ղ է գնան Մատենադարան` աշխատատեղ ուզելու»,-բարձրաձայնեց Վարդան Հակոբյանը` հավելելով, որ օրինակ այսօր ոստիկանության ներկայացուցիչներն ավելի քիչ էին, քան երեկ.
«Սպասում էին բախմանը, բայց այն չեղավ, քանի որ մենք գիտեինք, որ այսօր ահռելի բազմություն է լինելու: Մեր նպատակը շուկան շուկա թողնելն է»,-նշեց Վարդան Հակոբյանը: