Այսօր Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց ԲՀԿ-ական մի խումբ պատգամավորների կողմից մշակված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը։

«Տևական ժամանակ քննարկումների առարկա էր դարձել այս նախաձեռնությունը, ինչի հետ կապված բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, նաև այս բարձր ամբիոնից խոսել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կարևորելով, որ 18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար։ Այսօր ՊՆ-ն 5 ամիս տևողություն է սահմանել, որից հետո նոր զինվորը մարտական հերթափոխության են անցնում։ Մեր առաջարկությունը հետևյալն է՝ որպեսզի 12 ամիս զինծառայություն անցնելուց հետո պատրաստությունը ձեռք բերելուց հետո, փորձառություն և հմտություններ ձեռք բերելուց հետո նոր անցնեն մարտական հերթապահության։ Կարծում ենք, որ այս նախաձեռնությունը իր մեջ պարունակելու է բացառապես կանխարգելող միջոց,- նշեց Էնֆիաջյանը։
Պատասխանելով Էնֆիաջյանին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց.
«Սա լուրջ հարց է, որը պետք է քննարկվի, բայց ոչ էս կարգով։ 12 ամիս զինծառայողը որ պատրաստվի՝ նախ մենք երրորդ, չորրորդ գիծ չունենք, հատուկ նշանագիծ չունենք, որ կարողանան ծառայել, ընդհանուր մեր զինվորները, չեմ ուզում բացահայտ ասեմ՝ առաջին գիծն հազիվ են պահում և գրեթե չեն հերիքում։ Էսօր հարցին կարելի է մոտեցում տալ, քննարկում լինի, բայց երկրորդ երրորդ, չորրորդ գիծ չկա ու պլյուս դրան ես խորհրդային բանակում որ ծառայել եմ, ընդամենը մեր պատրաստության մարտական գործողությունները մի ամիս է տևել, ո՞նց կարող է զինծառայողը 12 ամիս պատրաստվել նոր դուրս գալ առաջին գիծ։ Էսօր ակադեմիայում սպաները մի տարում են վերապատրաստվում»։


