▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մեզ բռնի կերպով պոկեցին մեր դարավոր այգուց, իսկ մեր արմատները մնացին այնտեղ»․ Արցախի թեմի առաջնորդ

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ:
Պատարագին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները, Արցախի նախագահ տիար Սամվել Շահրամանյանը, ԱՀ պետական այրեր և ուխտավոր հայորդիներ։ Ճրագալույցի Պատարագին ուխտավորաբար մասնակից են եղել նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակվող արցախցիներ, Արցախի թեմի երիտասարդաց միությունների անդամներ, ուսանողներ:
Վրթանես Սրբազանն իր քարոզում յուրահատուկ ջերմությամբ անդրադարձավ Արցախի հարցին և գոտեպնդման կոչ արեց արցախցիներին, մասնավորապես նշելով. «Սիրելի արցախցինե՛ր, լցվեք աստվածային հույսով և լավատեսությամբ, ապրեք և արարեք Մայր Հայաստանում, որովհետև միայն այս ձևով կարող է արթուն մնալ և իրագործվել վերադարձի հույսը»:
Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց Հիսուս Քրիստոսին խորհրդանշող մոմը, որի կենսատու լույսը բաշխվեց հավատացյալներին:
Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее