armsport.am-ը գրում է. Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը.
- Ի՞նչ կասեք խաղի մասին. ի՞նչ տարբերություններ տեսաք 1-ին և 2-րդ խաղակեսերում:
- Մեծ նվիրում կար և ամենակարևորը՝ որակ: Մեզ ուշադրությունը չբավականացրեց: Բազմիցս ասել եմ, որ գերաստղերի դեմ պետք է առավել ուշադիր լինենք: Ամեն դեպքում, ընդհանուր խաղից գոհ եմ:
Պորտուգալիա գոլից հետո հետ քաշվեց, իսկ մենք առաջ գնացինք: Մեզ չբավականացրեց 3-րդ գոլը, քանի որ փոխարինումների միջոցով ամրացրին պաշտպանությունը:
- 1-ին համարով գործելու հրահանգ եղե՞լ էր:
- Պարտվելիս պետք է անպայման առաջին համարով գործել: Հաշվի մեջ զիջելը ստիպեց տղաներին առաջ գնալ:
- Արաս Օզբիլիսը որևէ խնդիր ունե՞ր, որ մեկնարկայինում չէր:
- Հասկանում էինք, որ երկար ժամանակ է բաց թողել և չցանկացանք ռիսկի դիմել:
- Հենրիխ Մխիթարյանը բավականին խորքից էր գործում. ի՞նչ կասեք այդ մասով:
- Երբ խաղի հաշիվը 1:0 էր, բավականին լավ է, որ ֆուտբոլիստը նահանջում է և օգնում պաշտպաններին:
- Պաշտպանության աջ եզրում գործում էր Հրայր Մկոյանը, ինչը կիսապաշտպանություն էր տարել Կամո Հովհաննիսյանին. ի՞նչ կարծիք ունեք ընդհանուր աջ եզրի մասին:
- Իհարկե գոհ եմ այդ եզրի ֆուտբոլիստներից: Աջ եզրում բավականին սուր խաղ էր ընթանում: Նրանք երկուսն էլ արդարացրին սպասելիքները:
- Կառլեն Մկրտչյանի վնասվածքը կրկին հիշեցնել տվեց Արթուր Եդիգարյանի բացակայությունը...
- Կառլենը երբ վնասվածք ստացավ, միանգամից ցանկանում էինք փոխարինել նրան, սակայն ժամանակ ձգձգվեց մինչև Ռումյանը խաղադաշտ մտավ: Հովսեփյանը հոյակապ ֆուտբոլ խաղաց և ես շատ գոհ եմ նրանից: Ինչ վերաբերում է Եդիգարյանին, ապա ես նրա բացակայությունը չզգացի:
- Հարձակման գծի արագությունից գո՞հ եք:
- Ես բավարարված եմ այդ գծի ֆուտբոլիստներից: Ես ուրախ եմ, որ Մխիթարյանի նման ֆուտբոլիստ կա մեր հավաքականում: Պահեր կային, երբ պորտուգալացի պաշտպանները չէին հասցնում մեր առջևի գծի ֆուտբոլիստների հետևից:
- Խաղից առաջ Կրիշտիանու Ռոնալդուին անհատապես հսկելու հրահանգ տվե՞լ էիք:
- Անհատական խաղի ժամանակը վաղուց անցել է: Որոշել էինք, որ երբ գնդակը նրա մոտ է, պարզապես 2 ֆուտբոլիստներ փակեն նրան: Նա մեծ աստղ է, մեծագույն ֆուտբոլիստ և կարող է կես հնարավորությունն անգամ օգտագործել:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում