▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի րոպե, մի բան էլ ես ասեմ՝ ազգային արժեհամակարգը քարուքանդ արած ծաղրածուներին մի՛ ծափահարեք

Թե՛ հեռուստաէկրաններից,  թե՛ համացանցում ազգը «կրթելու»  դասերը շարունակվում են: Ու «կրթողն ու դաստիարակողը» դերասան Նարեկ Դուրյանն է, ում մասնակցությամբ  խիստ «գլոբալ» հարցեր արծարծող ու «դաստիարակիչ» տեսահոլովակներն աճում են սնկի արագությամբ: Իր առաքելության մեջ, սակայն, Նարեկ Դուրյանը կաղում է, կամ էլ լավ չի պատկերացնում անելիքը:

Առաջին հայացքից  թվում է՝ խոսքը քաղաքակրթությունից կիլոմետրերով  հեռու, երեկ ձևավորված քոչվոր ցեղի մասին է: Մանվանդ, որ վարվեցողության հասարակ կանոնները հրամցնելուց զատ՝ դերասանը հայերին համեմատում է  Ավստրալիայի բնիկների հետ: Ոչինչ չի վրիպում Դուրյանի  ամենատես աչքից. աղջիկների կարճ փեշերից սկսած մինչև երեկոյան զգեստ ու դիմահարդարում, պահվածք ու հասարակական վայրում մաստակ ծամել…

Մտահոգությունն ինչ-որ տեղ կարող էր և հասկանալի լինել, քանի որ, ցավոք, մեր հասարակությունում առկա են նման խնդիրներ, սակայն մատուցման եղանակը՝ ծաղրով շաղախված խորհուրդները բոլորի վրա տարածելը,  միանգամայն անընդունելի ու  անհասկանալի է:

Եթե անգամ ընդունենք, որ մեսիջն  ուղղված է հատուկ թիրախային խմբի, կրկին իմաստը դժվար է ըմբռնել,  քանի որ նախ՝ ոչ ոք չի ընդունի, որ ինքն այդպիսին է: Ընդունելու դեպքում էլ ասելիքը տեղ չի հասնի պարզ պատճառով. քանի որ  անլուրջ է: Ուրեմն՝  ո՞րն է նպատակը.

«Ազգին պակասութիւնները պէտք է ատել, բայց զազգը պէտք է սիրել եւ այնչափ աւելի, որչափ որ պակասութիւն տեսնենք: Հիւանդներուն ալ այսպէս չեն ընէ՞ր: Որչափ աւելի է ցաւը, այնքան աւելի հոգ կ'ընենք», ասում է Ղեւոնդ Ալիշանը: Իսկ ի՞նչ ենք անում մենք, մասնավորապես՝ Հանրային հեռուստաընկերությունը, որ էկրանից դուրս է շպրտել  «Հ» տառը՝ թողնելով միայն անձեւ, տափակ «1»-ը: Ռուբեն Ջաղինյանի այս  «սանիտարական հատումով», սակայն, եթերային բովանդակությունը չի լավացել, հակառակը՝ ավելի է գռեհկացել: Կարծում եմ, նրանք, ովքեր հետեւում են Նարեկ Դուրյանի մասնակցությամբ  «1 րոպե մի բան ասեմ» շարքին՝ դրանում կհամոզվեն: Ջաղինյանն, իբր գյուտ է արել: Իրականում, այս շարքը  «Մեր բակի» շարունակությունն է՝ ազգային արժեհամակարգը ոչնչացնող՝երկիրը «կեղտոտ պադյեզդի» շրջանակներում տեղավորող ջաղինյանական  «գիգանտ» գաղափարի շարունակական իրագործումը»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում իր տպավորությունն է կիսում լրագրող Կիմա Եղիազարյանը, ապա հավելում.

 «Նշված շարքում բավական նավթալինոտ հարցեր են  «արծարծվում». Հայ աղջիկներն ինչու՞ են կարճափեշ շորով դուրս գալիս փողոց, ինչու՞ են առավոտյան երեկոյան հագուստով հայտնվում ամենուր, ինչու են հայերն իրենց հայացքները սեւեռում դիմացինի վրա եւ այլն: Իրոք, փտած թեմաներ, որոնց մասին խոսվել է դեռ սովետի ժամանակ: Նպատակը անհասկանալի է, թե ինչու՞ է Ջաղինյանի կանալը նորից անդրադառնում այս ծամծմված թեմաներին: Այստեղ են ասել՝ ազգդ հեգնում ու ծանակու՞մ ես, որ ինչ անես: Մանավանդ, երբ ինքդ դրա իրավունքը չունես: Այդ իրավունքը չունի նաեւ Նարեկ Դուրյանը, որ 30 տարի ՀՀ-ում չի ապրել»:

 

Նախագիծը շատերին  հիշեցնում է Ռուբեն Ջաղինյանի՝  ռուսական «Առաջին ալիքով» ժամանակին  հեռարձակվող «Ամենակարող Ռուբիկ» հեռուստատեսային շոու-ծրագրը, որտեղ ևս նույն ոճով ծաղրի էին ենթարկվում հասարակության թերություններն ու բացերը:  Հաղորդումն անընդհատ քննադատությունների թիրախում էր հայտնվում: Անգամ ռուսական լրատվամիջոցներն էին անդրադարձել դրան: «Известия»-ի թղթակից Իրինա Պետրովսկայան մասնավորապես ասել էր.

«Հաղորդումը թյուրիմացություն է: Ծիծաղելի չէ: Զրույցները ծիծաղելի չեն, իսկ այդ մարդը, ով իրեն անվանում է «Ամենակարող Ռուբիկ»,  չգիտեմ  որտեղից է հայտնվել: Այն փաստը, որ այդ հաղորդումը վնասել է Առաջին ալիքի վարկանիշը, նույնպես միանշանակ է»:

Հիշեցնենք, որ  Ռուսաստանի հայերի միության երիտասարդ անդամները բողոք-նամակ էին ուղարկել «Առաջին ալիքի» տնօրեն Կոնստանտին Էռնստին, որում իրենց դժգոհությունն էին հայտնել «Առաջին ալիքով» ցուցադրվող «Ամենակարող Ռուբիկ» հեռուստատեսային շոու-ծրագրից, որտեղ հայերը ներկայացված էին ծաղրակերպարով։ Ռուսաստանի հայերի միության երիտասարդները նշել էին.

«Մեր կարծիքով, այդ հաղորդումը ոչ միայն չի համապատասխանում «Առաջին ալիքի» բարձր մակարդակին, այլեւ կարող է նպաստել ռուս երիտասարդների շրջանում այլատյացության խորացմանը։ Ուստի, Ռուսաստանի հայերի միության անունից դիմում ենք Ձեզ` հաղորդումը եթերազրկելու խնդրանքով»:

Կիմա Եղիազարյանի խոսքով՝

«Նման տխմար մի նախագիծ էլ Ջաղինյանը փորձեց իրականացնել ռուսական հեռուստաընկերություններից մեկում, եւ իրավամբ հանդիպեց ընդվզման, քանզի ռուսական լսարանի առջեւ հայ տեսակին փորձում էր ներկայացնել որպես մի հետամնաց ու անկիրթ ցեղախմբի ներկայացուցիչ: Ռուսաստանի Հայերի միության երիտասարդական թեւը ժամանակին հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ եւ ջաղինյանական այս ողորմելի հեռուստանախագիծը դուրս շպրտվեց եթերից: Հիմա նա երեւի որոշել է նույն բանը  «1 րոպեում» անել՝ ամեն օր: Սակայն, աբսուրդն այն է, որ Նույն Ջաղինյանը, որ  «Մեր բակում» պառկում է Թումանյանի  «թախտի» վրա, այսօր Նարեկ Դուրյանի միջոցով ասում է. «...մարդ կա Թումանյանի տուն-թանգարանի վրա ա գրում...»: Ախր, Ջաղինյան, դու քո վարքով այնպիսի օրինակ ես ծառայել, որ հիմա միթե իրավունք ունես նման տեքստեր գրելու: Ինչեւէ, մարդիկ նախ իրենց  «գլամուռային»  գործունեությամբ ապականում են հասարակությանն ու ընդհանուր մթնոլորտը, իսկ հետո որոշում են հանդես գալ «բարոյախոսի» դերում: Ո՞վ կհավատա սրանց նմաններին... Այնպես որ՝ մի րոպե, մի բան էլ ես ասեմ՝ հարգելիներս, տարիներ շարունակ ազգային արժեհամակարգը քարուքանդ արած ծաղրածուներին մի՛ հավատացեք եւ մի՛ ծափահարեք: Նրանք ազգի «պակասությունների»  վրա կեղտոտ բիզնես են անում եւ շարունակում են լցնել սեփական գրպանները»:

Հասմիկ Գյոզալյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее