Ռիո 2016-ում արծաթե մեդալ ստացած հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն վերջին օրերի ընթացքում: Մարզիկը 2 օր առաջ ուսի վիրահատության է ենթարկվել Գերմանիայում:
«Վիրահատությունը հեշտ չէր, բայց հաջող ընթացք ունեցավ: Շնորհակալ եմ բժիշկ Հերդտ Բաումերին ու իր անձնակազմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին վիրահատության հարցում աջակցելու համար:
Կուզենայի հատուկ շնորհակալություն հայտնել ընկերոջս՝ Արսեն Բադալյանին, միշտ իմ կողքին լինելու ու ամեն կերպ օգնելու համար:
Շնորհակալ եմ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին բժիշկ Բաումերի կլինիկային ծանոթացնելու ու համագործակցությունը կազմակերպելու համար: Շնորհակալ եմ Ուկրաինայում Հայաստանի հյուպատոս Նորիկ Գեւորգյանին Կիեւի օդանավակայանում առաջացած խնդիրը լուծելու հարցում օգնելու համար: Նաեւ շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին Ֆրանկֆուտում իր ցուցաբերած ուշադրության համար:
Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գրում ու աջակցում էին սոցիալական ցանցերում»,- գրել է մարզիկը: