Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հայտնում ենք, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Շարունակելով, նա հայտնել է, որ նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը:
Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով:
Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը:
Քրեական գործով պարզված հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։
Սամվել Բաբայանի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները որևէ խնդիրներ, այն էլ կենցաղային մակարդակի չեն ունեցել եւ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի:


