▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային հանրությունը խուսափում է պատասխանատվությունից

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը հայտարարել է, թե «չափազանց մտահոգիչ է, որ 20 տարի շարունակ հայ և ադրբեջանցի ժողովուրդները գնալով ավելի են հեռանում միմյանցից»:

Այն, ինչի մասին խոսել է բրիտանացի դիվանագետը, իհարկե նորություն չէ, ավելին` «ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե պատերազմին» նախապատրաստելու վերաբերյալ ձևակերպումները կանոնավոր կերպով տեղ են գտնում հատկապես համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարություններում:

Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե որոնք են այն գործոնները, որոնք հայաստանյան ու ադրբեջանական հասարակություններին իսկապես հեռացնում են միմյանցից: Կոնֆլիկտի լուծմամբ շահագրգիռ կողմերը, այդ թվում` համանախագահ երկրները, միջազգային փորձագետները, ամենից առաջ պետք է վերլուծեն բոլոր այն երևույթները, որոնք կողմերին հեռացնում են միմյանցից:

Մյուս կողմից, հասարակությունների միջև խորացող անդունդն ու միմյանցից հեռացման միտումը պետք է որ անակնկալ չլինի կոնֆլիկտով հետաքրքրված կողմերի համար, քանի որ Ադրբեջանը դրան հասնելու համար ամեն ինչ անում է:

Ինչպե՞ս ադրբեջանցի երեխան 20 տարի հետո պատրաստ լինի իր հայ հասակակցի նկատմամբ նվազագույնը թշնամությամբ չտրամադրվելուն, երբ նա դպրոցական դասագրքում կարդում ու ուսուցչից լսում է մի բան, որն արդեն այդ տարիքից, նրա մեջ հայերի նկատմամբ թշնամություն է սերմանում: Ինչպես 18-19 տարեկան երիտասարդը, հանդուրժողականություն դրսևորի հայերի նկատմամբ, երբ նա զինվորական ծառայության ընթացքում հրահանգներ է ստանում կրակ բացել հայ զինծառայողների կամ դաշտում աշխատող հայերի ուղղությամբ:

Ավելին` ինչպես ադրբեջանցի զինվորը հանդուրժողականություն դրսևորի հայի նկատմամբ, երբ երկրում ամենաբարձր մակարդակով քարոզվում է, որ հային սպանելը գերագույն արժեք է, որի իրականացումը պարգևատրվում է հերոսի կոչմամբ ու մինչև խոր ծերություն բարեկեցիկ ապրելու երաշխավորմամբ:

Ինչպես ադրբեջանական հասարակությունը պատրաստ լինի հայերի հետ համերաշխության, եթե գրեթե ամեն օր երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները «ավետում» են, որ իրենք զենքի ուժով հետ են բերելու ոչ միայն Ղարաբաղը, այլ «պատմական Ադրբեջանի» մնացած տարածքները` Զանգեզուրն ու Երևանը:

Հաճախ, միջազգային հանրությունը ընդհանուր գնահատականներով մեղադրում է հայկական ու ադրբեջանական կողմերին` կոնֆլիկտի կարգավորման հարցում վճռական քայլերի չգնալու հարցում` չլուծված հակամարտության ողջ պատասխանատվությունը բարդելով կողմերի վրա, սակայն երբեք չի խոսում Ադրբեջանում հետևողականորեն իրականացվող հայատյացության, հայերի նկատմամբ թշնամություն սերմանելու ու դրանով իսկ` հասարակությունների հնարավոր մերձեցումը տապալելու` Ադրբեջանի գործած ջանքերի մասին:

Եթե Մեծ Բրիտանիայի դեսպանը, որպես տարածաշրջանային խաղաղությամբ շահագրգիռ երկրի ներկայացուցիչ իրեն իրավունք է վերապահում իր տեսակետն արտահայտել հասարակությունների միջև անդունդի խորացման մասին, ապա պետք է նաև պատրաստ լինի` պատասխանատվությունը կիսելու այն իրավիճակի համար, ինչն առկա է: Քանզի այս ամենի համար պատասխանատու է ոչ միայն այն կողմը, ով իր ժողովրդին միանշանակ նախապատրաստում է պատերազմի, այլ բոլոր այն երկրները, որոնք հետաքրքրված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ ու կայունությամբ, սակայն կամ անտեսում են Ադրբեջանում նկատվող պրոցեսները կամ տեղի ունեցածին համարժեք չեն արձագանքում:

Ստեղծված իրավիճակում կարևոր հորդորը բոլոր կողմերին, այդ թվում` համանախագահ երկրներին սթափությունն է. ադրբեջանական հասարակությանը` իշխանությունների քարոզչության զոհը չդառնալու, հայաստանյան հասարակությանը` զգոնությունը չթուլացնելու և միջազգային հանրությանը` էսկալացիոն իրավիճակ թույլ չտալու համար: 

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее