Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի երևանյան այցը տարբեր մեկնաբանությունների ու վերլուծությունների առիթ և թեմա հանդիսացավ հարևան Թուրքիայում: Հեղինակավոր «Միլլիյեթ» օրաթերթի վերլուծաբան Սամի Քոհենը նկատել է տալիս, որ Թուրքիայի և ՀՀ արտգործնախարարի հանդիպումը մի շատ համեստ նպատակ ուներ. հալեցնել 4 տարի շարունակ հարաբերություններում եղած սառույցը և սկսել երկխոսության գործընթաց: Հանդիպումից հետո թուրք լրագրողներին մամուլի ասուլիս տված Դավութօղլուն նշել էր, որ, բնականաբար, բոլոր հարցերը միանգամից չեն լուծվի, բայց առանց հանդիպումների ու երկխոսության էլ առահասարակ որևէ հարց չի լուծվի: Այս մտքի հետ համակարծիք հոդվածագիրը, այնուամենայնիվ, դրական զարգացում է համարում այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Երևանում:
Համառոտ հիշեցնելով Ցյուրիխում 2009-ին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների պատմությունը` Քոհենը հստակ շարադրում է եղելությունն այն մասին, որ Ադրբեջանի կոշտ արձագանքի պատճառով թուրքական կառավարությունը որպես պայման դրեց Ղարաբաղի հարցը, ի պատասխան Հայաստանն էլ միառժամանակ առկախեց արձանագրությունների վավերացման հարցը:
«Դրությունը և այդ օրը, և այսօր ըստ էության նույնն է մնացել. Դրանից օգուտ է եղել ոչ Թուրքիային, ոչ Հայաստանին, ոչ էլ Ադրբեջանին: Այս հարցում Անկարային գործողության մղող պատճառը այս դրության շարունակականության հետ կապված անհանգստությունն է»,-նշում է Քոհենը և ընդգծում, որ Երևանի հետ հարաբերութունների կարգավորումը կուժեղացնի Թուրքիայի ձեռքերը, կկանխի 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ սպասվելիք արշավների թափը: Բայց քանի որ Թուրքիան շարունակում է արժևորել Ադրբեջանին, որի համար Ղարաբաղը օրակարգային է, այդ իսկ պատճառով հնարավոր չէ, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հրաժարվի վերոնշյալ նախապայմանից:
Թուրք վերլուծաբանը անդրադառնում է այն լուրերին, թե իբր Հայաստանը Ղարաբաղի 7 շրջաններից 2-ը պետք է հանձներ Ադրբեջանին, Անկարան դա դիտեր որպես գործըթնացի առաջխաղացում, բացեր սահմանը և արդյուքնում կկարգավորվեին հայ-թուրքական հարաբերությունները:
«Այս պահին այդ իրողությունից բավականին հեռու ենք,-գրում է Քոհենը: - Անկարայի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա: Ինչպես երևում է Երևանի «առանց նախապայմանների» դիրքորոշման մեջ էլ փոփոխություն չկա: Ուստի Դավութօղլու-Նալբանդյան հանդիպումը ցյուրիխյան արձնագրությունների կյանքի կոչման առումով որևէ շոշափելի արդյունք չտվեց: Բայց «սրտաբաց երկխոսության» համար ճամփա բացեց: Փոքրիկ քայլ է, բայց չեղածից լավ է».գրում է Ermenihaber-ը: