Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասել է, որ մինչև սեպտեմբերի 30-ը «Պարտադիր Կուտակայինի» մասին օրենքը գործելու է:
«Օրենքը շարունակելու է գործել, թող բացեն օրենքը կարդան, եթե ՍԴ-ն տարաժամկետել է, ապա օրենքը շարունակում է գործել ամբողջությամբ»,- ընդգծել է Գագիկ Հարությունյանն ու ավելացրել, որ իրենք երկու խումբ կարևորագույն հարցեր են առանձնացրել, որոնց մինչև սեպտեմբերի 30-ը պիտի լուծումներ տրվեն:
Անդրադառնալով ՍԴ որոշման վերաբերյալ տարատեսակ մեկնաբանություներին՝ ՍԴ նախագահը բերել է երեք պատճառ:
Առաջինն իրավագիտակցության մակարդակն է:
Երկրորդը` մարդիկ, կարծիք հայտնելու համար, պետք է սպասեին ՍԴ որոշման ստորագրմանը. Գագիկ Հարությունյանն այսօր է ստորագրել որոշումն ու այն կտեղադրվի ՍԴ կտեղադրվի կայքում:
«Երրորդ պատճառն այն է, որ ով ինչ ցանկանում է տեսնել որոշման մեջ, դա է տեսնում»,- նշել է Գագիկ Հարությունյանն ու ավելացրել է, որ ՍԴ որոշումը՝ մինչեւ սեպտեմբերի 30-ը օրենքի տարժամկետման մասին, եզակի երեւույթ չէ, այն աշխարհում կիրառվող պրակտիկա է, օրենքը թույլ է տալիս Սահմանադրական Դատարանին կիրառել նման նորմ, ինչից իրենք օգտվել են:
ՍԴ նախագահը նաև ասել է, որ «Պարտադիր Կուտակայինի» վերաբերյալ օրենքում լրամշակումներ կատարելու վերջնաժամկետի ավարտից հետո ՍԴ-ն կտա իր գնահատականը՝ կատարված գործողությունների վերաբերյալ. «Սեպտեմբերի 30-ից հետո, եթե համարժեք փոփոխություններ չարեցին, որոշակի քաոտիկ վիճակ կառաջանա: Մենք չենք զլանա եւ չենք սպասի մինչեւ տարեվերջ, այլ հոկտեմբերին արտահերթ արդյունքների ամփոփում կանենք ու կհայտարարենք, թե ինչ վիճակ է»,- նշել է Գագիկ Հարությունյանը: