ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցից տոնական անդորրն ալեկոծվեց: Չնայած ինչքան էլ մարտական դիրքավորված լրատվամիջոցները փորձեցին իրենց շեֆերին արդարացնել, կամ փնովել հակառակ կողմին, սակայն հասարակությունն արձանագրեց 2 կարևոր բան, այն, որ վարչապետը 2-րդ նախագահին մեղադրում է փուչիկ ստեղծելու մեջ, իսկ որպես պատասխան 2-րդը նրան մեղադրեց թերարժեք լինելու մեջ:
Տնտեսական նեղ մասնագիտական բացատրություները, հասարակության լայն շերտերի համար մնաց որպես չինարեն տեքստ, սակայն բոլորի համար պարզորոշ գծագրվեց 2018-ի քաղաքական պայքարի հիմնական սյուներն իրենց հենասյուներով:
2018 թվականին ՀՀ նախագահի ընտրությունների հիմնական երկու թեկնածուների պայքարի սկիզբը կարելի է համարել մեկնարկած, թեև այն սկսվեց կոշտ, սակայն լինելու է նաև անզիջում: Այստեղ խնդիրը ֆինանսական կարողությունների մեջ չէ, ոչ էլ արտաքին գործոններ կան, այստեղ առաջանում է ներքին լծակների ճիշտ զավթման հարց:
Որպես ասածս պարզ լինի ներկայացնեմ վերջին 10 օրերի իրականությունը: ՀՀ վարչապետի մոտ կանգնած քաղաքական «Էլիտան» հրաժարվեց նրան պաշտպանել, իսկ Քոչարյանի համար տքնաջան աշխատած համակիրները ցավոք սրտի այսօր կամ հիասթափվել և մտել են որևէ աշխատանքի, կամ էլ հեռացել են երկրից, արժանանալով քաղաքական-տնտեսական հետապնդումների:
2012-13 թվականներին շատերն էին աշխատում հանուն 2-րդ նախագահի վերադարձի, նույնիսկ ստեղծվել էր հասարակական այն պահանջը, որն այդքան կարևորում էր Ռ. Քոչարյանը:
Սակայն երբ պարզ դարձավ, որ նախկին նախագահը հայտարարություններից այն կողմ չի անցնելու նրանք, կամ հարմար տեղավորվեցին ինչ-որ փափուկ աթոռների, կամ էլ անհետ կորել են օտար ամայի ճամփեքին:
Սա այնքան էլ հուսադրող չէ Քոչարյանի համար, որովհետև եթե հիմա շատերը վախենում են, որ նա կարող է վերադառնա նախագահի աթոռին և ցանկանում են եթե չհաճոյանալ, ապա աչքի չընկնել փնովելով, ապա հիմնական այն թիմը, որը ձևավովելու է նրա համար աշխատելու ամեն դեպքում այս անգամ չի աշխատի հանուն այն բանի, որ նա դառնա նախագահ ու «փուչիկ փչի», այլ միայն հստակ գումարների ու պաշտոնների ակնկալիքների դիմաց հավատարմության երդում կտան:
2018-ի քաղաքական պայքարում իր ուրույն տեղը ունի նաև ներկայիս վարչապետը, ով սակայն նույնպես խնդիր ունի հավատարիմ թիմ հավաքելու մեջ, այն անձինք ովքեր այսօր ցույց են տալիս, որ նրա կողքին են, ամեն վարկյան կարող են անցնել նժարի ծանր կողմը, իսկ իր կուսակցությունում նա այս օրերին հասկացավ, որ մենակ է մնացել:
Իմաստ չգտնելով անդրադառնալ փոխադարձ մեղադրանքների տեքստին, որոնք միայն ու միայն քաղաքական ավանտյուրայի դրսևորումներ են, ուզում եմ նշել ևս մեկ կարևոր բան, իսկ եթե հայտնվի մեկ այլ նախագահի թեկնածու, ով ևս ունի ֆինանսկան խոշոր լծակներ ու լինի ղարաբաղցի, ապա այս դեպքում ինչ կլինի, միթե ղարաբաղցիները կպայքարեն միմյանց դեմ: Ամեն դեպքում ժողովուրդը մի իմաստուն խոսք ունի …, չնայած այս դեպքում բազմաթիվ իմաստուն հայհոյանքներ կան նախատեսված:
Մի՞թե ղարաբաղցիները կպայքարեն միմյանց դեմ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet