Արդեն մի քանի ամիս է, ինչ ամբողջ հասարակությունը` անկախ տարիքից, սեռից, հասարակական աստիճանից, քննարկում են այս հարցը. ո՞ր ուղին պետք է ընտրի Հայաստանը. Եվրաինտեգրման երկարուձիգ ճանապա՞րհը, թ՞ե Ռուսաստանի կողմից առաջարկված Մաքսային միության ուղին: Սեպտեմբերի 3-ին բոլորի համար անակնկալ գրանցվեց. երկրի առաջին դեմքը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը համաձայն է միանալ Մաքսային միությանը: Դեռ շատ մշուշոտ է, թե ինչ է ընդհանրապես իրենից ներկայացնում այդ կառույցը, որին մենք անդամակցելու ենք: 3-ից ավելի տարի այստեղ տքնաջան աշխատում էին Եվրամիության պայմանների ի կատար ածման ուղղությամբ, բայց արի ու տես, որ մեկ օրում դա հօդս ցնդեց: Այս ընթացքում առաջ քաշվեց տարբերակ, թե իբր Հայաստանը կարող է գործի դնել «և՛,և՛» տարբերակ, այսինքն` համագործակցել և՛ ՄՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ, սակայն թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի դիրքորոշումն արդեն իսկ զրոյացրել են այս տարբերակի իրագործման բոլոր շանսերը:
Եվ այսպես, ու՞ր ենք մենք գնում` անդամակցելով Մաքսային միությանը: Կարծիքներն այս հարցի շուրջ բազմաթիվ են` Հայաստանի համար միակ փրկիչ ուղղուց մինչև մեր անկախության կորուստը: Հասարակ քաղաքացին մինչ օրս էլ տեղյակ չէ, թե իրականում ինչ կարելի է սպասել այս երկու կառույցներից մեկին անդամակցելուց հետո. միգուցե միայն կարող է պատկերացնել կամ ենթադրել: Փաստն այն է, որ դեռևս չկա ոչ մի հստակություն: Այո՛, Ռուսատանը կարևոր գործընկեր է մեր երկրի համար և՛ տնտեսության, և՛ անվտանգության առումով: Բայց արդյո՞ք մենք կարող ենք վստահ լինել, որ ջրից ելնելով` չենք հայտնվում ջրհորում: Բացի ռազմաբազայի նպատակով իրեն ծառայեցնելուց, էլ ի՞նչ օգուտ է ակնկալում մեզանից մեր «մեծ եղբայրը»: Եվ վերջապես, կոնկրետ ի՞նչ շահեր և կորուստներ է ունենում Հայաստանը` անդամակցելով այդ կառույցներից մեկին:Առաջնայինն այստեղ Արցախն է, որի մասով նույնպես քար լռություն է: Օրեցօր շարունակվող այս մշուշն էլ ավելի շատ անհանգստանալու առիթ է տալիս մեզ` սովորական քաղաքացիներիս, ովքեր ուզում են իմանալ, թե ընտրած ուղով դեպի ուր ենք շարժվելու: Ե՞րբ ենք մենք, վերջապես, ստանալու մեզ հուզող այս հարցերի պատասխանները այն մարդուց, ով կայացրել է այս որոշումը:
Հ.Գ. Մեզ համար չի կարող առաջնային լինել Եվրամիությունը կամ Մաքսային միությունը: Մեզ համար առաջնային կարող է և պետք է լինի Հայաստանի Հանրապետությունն` իր շահերով հանդերձ:
Գոռ Գևորգյան
Ֆեյսբուք