Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլ +» շաբաթաթերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանի հավաքականի որոշ առաջատարներ այլևս չեն հրավիրվելու ազգային ընտրանի:
«Յուրա Մովսիսյանին, Ռոբերտ Արզումանյանին ու Գևորգ Կասպարովին հավաքական չհրավիրելն իմ պահանջն է. նրանք այլևս չեն լինելու մեր գլխավոր թիմում: Նշված ֆուտբոլիստների վերջին 2 տարիների ելույթները հավաքականում ձեր աչքի առջև են եղել: Թող մեկն ինձ ասի, որ Մովսիսյանը և Արզումանյանը նվիրված պայքարել ու խաղացել են: Այո, նրանք ունեն ֆուտբոլային բարձր որակներ, բայց դա չի նշանակում, որ հավաքականը նրանց համար զբոսանքի կամ զվարճանքների վայր է, որ գան ու զվարճանան:
Հավաքականը պարտվում է 0:3 հաշվով, ֆուտբոլիստը նստում է ավտոբուս, ատամները բացում մինչև ականջները: Ինչի՞ համար է ուրախանում: Դավաճանությունը միայն խաղը վաճառելը չէ: Դու գալիս ես հավաքական, տեղ ես զբաղեցնում, ասում ես պատրաստ ես, բայց չես խաղում: Լավ, եթե Յուրա Մովսիսյանի հարցում մենք ենք մեղավոր, բա Մոսկվայի «Սպարտակից» նրան ինչո՞ւ հեռացրին: Բոլորդ տեսել եք, նա ֆուտբո՞լ է խաղացել վերջին 2 տարում, իհարկե ոչ:
Իսկ Ռոբերտ Արզումանյանի հարցազրույցներն ու հայտարարությունները տալիս են ամեն ինչի պատասխանը: Նա այդ քայլով ինքն իրեն մատնեց: Դրա համար ես չեմ ուզում անդրադառնալ այդ մարդկանց և ցանկանում եմ հայտարարել, որ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, նրանք ոտք չեն դնելու հավաքական:
Ինձ մեղադրում են, որ խառնվում եմ ընտրանու ներքին գործերին: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը համար մեկ պատասխանատու է և պարտավոր է միջամտել հավաքականի գործերին: Եթե ես չմիջամտեմ, ո՞վ պետք է միջամտի: Այլ բան է, որ հավաքականի գործերին չպետք է միջամտեն կողմնակի մարդիկ»:
ՀՖՖ-ի ղեկավարը նաև խոսել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի` հավաքական չհրավիրվելու մասին. «Գևորգ Ղազարյանը չի մտնում այդ ֆուտբոլիստների մեջ (որոնք չեն հրավիրվելու.խմբ.) և նրան պետք է տարանջատել նշված 3-ից:
Նա հավաքական չի հրավիրվել ոչ թե այն պատճառով, որ ես չեմ ուզում, այլ նոր գլխավոր մարզչի որոշմամբ»: