vivaronews.am-ը գրում է. Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ֆուտբոլը և ես» հարցազրույցի շարքի ընթացքում պատասխանել է մի քանի հարցերի:
-«Մանչեսթեր Յունայթեդի» ո՞ր ֆուտբոլիստի խաղից եք ամենաշատը հաճույք ստացել.
-Ես «Յունայթեդի» խաղերն սկսել եմ դիտել այն ժամանակ, երբ Էրիկ Կանտոնան թիմում էր: Շատ էի սիրում նրա խաղը: Անդրեյ Կանչելսկիսը ևս այն ֆուտբոլիստներից է, որի խաղին մեծ հաճույքով էի հետևում, քանի որ նա Ռուսաստանից էր, ու դա ինձ հետաքրքիր էր: Սակայն «Յունայթեդում» իմ մեծագույն կուռքը սըր Ալեքս ֆերգյուսոնն է:
-Ո՞վ էր Ձեր ֆուտբոլային հերոսը վաղ տարիքում.
-Զինեդին Զիդանը: Ոչ միայն նրա՝ խաղադաշտը տեսնելու կարողության համար, այլև իր առաջատարի հատկության համար: Նա միշտ զրուցում էր իր թիմակիցների հետ ու օգնում նրանց:
-Նախախաղային սնահավատություն ունեցե՞լ եք.
-Ո՛չ, չեմ ունեցել: Երիտասարդ տարիքում նման բաների հավատում էի, սակայն երբ մեծացա, հասկացա, որ ամեն ինչ իմ ձեռքում է:
-Ո՞րն է Ձեր մարզական կարիերայի ամենանշանակալի գոլը.
-Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում Թուրքիայի ընտրանու դեմ հանդիպմանը խփած գնդակը 2009 թվականին: Դա շատ կարևոր խաղ էր մեզ համար, և ես հաղթական գոլ խփեցի վերջին րոպեին: Դա առավել զգացմունքային պահն էր, որ ես երբևէ ապրել եմ գոլ խփելուց հետո:
-Իսկ ո՞րն է Ձեր խփած լավագույն գոլը.
-Չեմ կարող պատասխանել այս հարցին, քանի որ շատ գոլեր եմ խփել(ծիծաղում է-խմբ.): Հուսով եմ՝ դեռ շատ գոլեր եմ խփելու «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: