vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերադարձավ Ուկրաինա, որտեղ անցկացրել է իր մարզական կարիերայի ամենահենքային հատվածներից մեկը, սակայն այժմ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ: «Զարյայի» դեմ խաղից առաջ 27-ամյա հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյից հետո մասնակցել է ասուլիսին, որի ժամանակ թարգմանիչների անհրաժեշտություն չի եղել. Հենրիխը խոսել է ուկրաիներեն՝ գրում է Manchester Evening News-ը:
«Ես շատ լավ հիշողություններ ունեմ այստեղ: Իմ վերջին խաղն Օդեսայում շատ հիշարժան է, քանի որ ես իմ առաջին հեթ-տրիկը ձևակերպեցի Դոնեցկի «Շախտյորի» կազմում: Այնպես որ կարող եմ ասել, որ շատ ուրախ եմ նորից այստեղ գտնվելու համար:
Վաղվա խաղը բարդ է լինելու՝ եղանակային պայմաններից ելնելով, քանի որ դժվար է խաղալ, բայց ես կարծում եմ՝ մենք մեր լավագույն որակները ցույց կտանք:
Մենք չենք հանձնվել Պրեմիեր լիգայում: Մենք չենք համակերպվել պայքարից դուրս մնալու մտքին: Դեռ շատ խաղեր ունենք անցկացնելու: Եվրոպա լիգայում մենք շարունակելու ենք մեր աշխատանքը ու պայքարելու այնքան, որքան հնարավոր է:
Բոլորս լավ տրամադրություն ունենք, քանի որ եկել ենք այստեղ հաղթելու ու չենք ուզում պարտվել: Մենք ուզում ենք ցույց տալ մեր լավագույն որակները»:
Խաղաժամանակ չստանալու մասին.
«Չեմ ուզում խոսել այդ մասին, քանի որ դա անցյալում է: Ես դրական եմ տրամադրված, քանի որ արդեն խաղում եմ: Ես ուրախ եմ, որ ավելի շատ եմ խաղաժամանակ ստանում. դա մի բան է, որ չես կարող կանխատեսել: Ուզում եմ ասել, որ պետք է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի: Ես պատրաստ էի ու ցույց տվեցի, որ բարձրակարգ ֆուտբոլիստ եմ՝ անկախ նրանից՝ խաղո՞ւմ եմ, թե՞ ոչ: Ես միշտ օգնելու եմ թիմին»: