Գյումրիի աղմկոտ սպանությունը, դրան անմիջապես հաջորդած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այցերը հանրապետության երկրորդ քաղաք, նրա գործողություններն ու Գյումրիում հնչեցրած առանձին արտահայտություները բուռն քննարկման առարկա են դարձել հանրության տարբեր շրջանակներում և ակտիվորեն քննարկվում են առ այսօր: Դեպքի առնչությամբ հնչող գնահատականներում առավել հաճախ Գյումրին որակվում է որպես ,այսպես կոչված, «կրիմինալ մայրաքաղաք»:
Արդյո՞ք արդարացի է քաղաքին նման որակում տալը: ASEKOSE.am-ի թղթակիցը հարցի շուրջ մեկնաբանություն է խնդրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:
«Ընդհանրապես ճիշտ չէ քաղաքին նման որակում տալը: Ցանկացած քաղաքում էլ ապրում են մարդիկ, ովքեր կարող են լինել օրինապահ և հակառակը: Գյումրին մեր հին, ավանդույթներով հարուստ քաղաքներից է` շատ բարի, շատ գեղեցիկ: Եթե ցավալի, ողբերգական միջադեպեր են տեղի ունենում որևէ քաղաքում, նման գնահատական տալ ամբողջ քաղաքին` «Հայկական Սիցիլիա», «կրիմինալ քաղաք» և այլն, ինձ համար բացարձակապես ընդունելի չէ»,- մեզ հետ զրույցում ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում պատգամավորը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտնի արտահայտություններին, մասնավորապես` «Դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական»-ին, Նաիրա Զոհրաբյան ասել է.
«Անկեղծ ասած` չեմ լսել, բայց, իմ խորին համոզմամբ` պատգամավորը պիտի պատգամավոր լինի, իսկ «գողական» արտահայտությունը կոնկրետ ինձ համար հասկանալի չէ: Չէի ցանկանա մեկանբանություն անել մի հարցի շուրջ, որտեղ ես պրոֆեսիոնալ չեմ»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը «Գալայի» հետ զրույցում անդրադարձել է այս հարցին:
Ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը:Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Հիշեցնենք նաև, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երկրորդ այցելության ընթացքում Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդկանց մոտից հայտնաբերել է մեծ քանակությամբ զենք- զինամթերք: