Արարատյան Հայրապետական թեմը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է.
«Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արք․ Կճոյանը հերքում է մամուլում տարածված և վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած տեղեկությունները՝ ադամանդագործական բիզնեսի հետ իր ունեցած առնչության վերաբերյալ:
Այսպես կոչված «օֆշարային սկանդալի» հետ կապված, Սրբազանն արդեն հայտարարել է, որ ձեռներեցությամբ զբաղվելու պարագայում երբեք չէր շարունակի ծառայել Հայ առաքելական եկեղեցուն․ գաղտնի և ընդհատակյա գործունեությունը հարիր չէ իր սկզբունքներին:
Իր անվան շուրջ պարբերաբար տարածվող ապատեղեկատվությունների փաստի առիթով իրավապահ մարմիններին չդիմելու զարմանքի առնչությամբ Սրբազանը հայտարարում է, որ այդօրինակ մեթոդները խորթ են հայ հոգևորականի մասին իր ունեցած պատկերացումներին:
Տարածվող տեղեկությունները, թե, իբր, Նավասարդ արք․ Կճոյանը ներկա է եղել անդամանդագործության զարգացմանն առնչվող պետական հանձնաժողովներից մեկի նիստին, չեն համապատասխանում իրականությանը:
Սրբազանը դատապարտում է Երևանի Սբ․ Սարգիս եկեղեցու խաչքավորներից մեկի՝ Աշոտ Սուքիասյանի հետ իր շփման շահարկումը՝ իրականության հետ որևէ աղերս չունեցող սեփական ենթադրություններն ու դատողությունները փաստարկելու նպատակով:
Սրբազանը բարձր է գնահատում ժողովրդավարական հասարակության արժեքները, սակայն խոսքի ազատության չարաշահումը համարում է վտանգավոր և վնասակար, առաջին հերթին, հենց այդ արժեքների ջատագովների համար: Ազատ խոսքը մարդու պատվի հետ խաղալու ինդուլգենցիա չէ:
Արարատյան Հայրապետական թեմ