«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում երեկվանից արդարադատության նախարարի նոր թեկնածուի անուն է շրջանառվում, որը թիմում ոչ պակաս կրքեր է բորբոքել, քան Արփի Դավոյանի թեկնածությունը։ Խոսքը Սիսակ Գաբրիելյանի մասին է՝ ԱԺ կրթության, գիտության մշտական հանձնաժողովի նախագահը։ Նա Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի ամենամտերիմ մարդկանցից է, ջերմ հարաբերություններ ունի նաեւ Խաչատուր Սուքիասյանի հետ:
Մեզ ասացին, որ հատկապես Հրաչն է լոբբինգ անում Սիսակի թեկնածությունը, եւ հնարավոր է ՔՊ վարչության հաջորդ նիստում առաջադրեն։ Մանավանդ որ 2021 թվականին նա ԵՊՀ իրավաբանի դիպլոմ է ստացել, 2016-ին ավարտել էր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։
Զուգահեռ փորձում են համոզել նաեւ Վլադիմիր Վարդանյանին, որ «քարը փեշից թափի»` համաձայնի խորհրդարանից կառավարություն տեղափոխվելուն: Օրեր առաջ ՔՊ վարչության նիստում, երբ Սուրեն Պապիկյանը նրա թեկնածությունն է առաջադրել, Վարդանյանը հեռախոսով ՔՊ ղեկավար կազմին փոխանցել է, որ նախարար դառնալու ցանկություն չունի:
Առաջարկը մերժել է նաեւ Հերիքնազ Տիգրանյանը: Մեզ ասացին, որ անգամ Արուսյակ Ջուլհակյանն է չեմուչում անում, ուստի ՔՊ-ն մնացել է Արփի Դավոյանի հույսին, ինչը հուսահատության է մատնել ՔՊ-ին: Թերեւս սա է պատճառը, որ նոր թեկնածուների փնտրտուք է սկսվել։
Ի դեպ, վարչությունը որոշել է, որ այդ պաշտոնը պետք է ՔՊ-ական ղեկավարի, ինչն ավելի է բարդացրել ընտրությունը, ՔՊ-ում ոչ միայն խելքը գլխին իրավաբան չկա, այլեւ մարդ, որը քիչ թե շատ փորձ ու կենսագրություն ունի եւ կարող է որեւէ հիմնարկ ղեկավարել, էլ չասած` նախարարություն։
Ի դեպ, մեզ ասացին, որ ՔՊ-ում համաձայն չեն վարչության այդ մոտեցմանը` ասում են, որ մեծ թվով լավ իրավաբաններ կան, որոնք ՔՊ-ական չեն։ Նախարարի թեկնածուին կընտրեն հաջորդ երեքշաբթի՝ վարչության նիստում»:
***
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր եւ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանին փոխարինող տարբեր թեկնածուներ են քննարկվում։
ՔՊ-ում հակված են այդ պաշտոնում նշանակելու իշխանական պատգամավորի, եւ կուսակցության վարչության նիստին շրջանառվել են Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի անունները։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հերիքնազ Տիգրանյանը եւ Վլադիմիր Վարդանյանն ի սկզբանե իրենց թիմակիցներին հայտնել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր եւ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, ուստի թիմակիցներին խնդրել են այլեւս չդիտարկել իրենց թեկնածությունները։
Եվ ահա, ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. հավանական է Ջուլհակյանի նշանակումը:
ArmLur.am-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ-ից տեղափոխվելու ծրագիր չունի, իր աշխատանքը շարունակելու է օրենսդիրում։ Հերիքնազ Տիգրանյանը եւս հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել էր արդարադատության նախարարի պաշտոնում, բայց ինքը հրաժարվել է։
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հեռանալուց հետո եւս ՔՊ-ում իրարանցում էր, խմբակցության պատգամավորները չէին ցանկանում գնալ գործադիր եւ աշխատել այնտեղ։ Վերջում Գեւորգ Պապոյանն ինքն էլ մասնավոր զրույցներում խոստովանում էր, որ ստիպված է ընդունել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ական պատգամավորներն իրենց կոմֆորտ են զգում օրենսդիրում եւ խուսափում են Նիկոլ Փաշինյանի հետ ամենօրյա առերեսումներից, քանի որ բոլորին էլ հայտնի է, թե Փաշինյանի անկայուն ու փոփոխական բնավորության պատճառով որքան բարդ է նրա հետ աշխատելը»։