Դատարանը երեկ՝ փետրվարի 1-ին, ազատ է արձակել ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանի 24-ամյա տղային` Շանթ Մանուկյանին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով (ՀԿԳ) քննության գլխավոր վարչության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի հունվարի 29-ին Կոտայքի մարզում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում եւ նրան հարակից տարածքում տեղի ունեցած սպանության, կրակոցների, խուլիգանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված «Շշի Մելոյի» տղայի եւ եւս մի քանի անձանց նկատմամբ։

Դատարանը 1 հոգու կալանավորել է, իսկ «Շշի Մելոյի» տղային ազատ է արձակել դատարանից։
Հիշեցնենք` հունվարի 29-ին նախկին պատգամավորին պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրում կրակոցներ էին հնչել։ Հրազենային վնասվածքներ էին ստացել 8 անձ, որոնցից մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գեւորգյանը՝ ծնված 1989թ., ստացած մարմնական վնասվածքների հետեւանքով մահացել էր։


